Search
Close this search box.

Ծեծի է ենթարկվել Իջևանի ռազմական ոստիկանության պետը

Ծեծի է ենթարկվել Իջևանի ռազմական ոստիկանության պետը. նրան պաշտոնա՞նկ կանեն: NEWS.am–ի տեղեկություններով օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Իջևանում շրջանառվող լուրերի համաձայն, գնդապետը ոչ սթափ վիճակում վիճաբանության մեջ է մտել մի խումբ իջևանցիների հետ, ոչ պարկեշտ արտահայտություններ արել, արդյունքում ծեծի ենթարկվել։ Գնդապետը սակայն բուժօգնության նպատակով հիվանդանոց չի դիմել՝ խուսափելով ավելորդ աղմուկից։ Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՊՆ–ում քննարկվում է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։

NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ հիշյալ դեպքի վերաբերյալ իրենք ահազանգ չունեն, իսկ Պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունը։ Ի դեպ, Մեսրոպ Հովհաննիսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի հետ. հավանաբար սա է պատճառը, որ գնդապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չի եղել։

Հիշեցնենք, որ փետրվարի 19–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Բաղդասարյանն ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Դրան նախորդել էր վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը` զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային փոփոխությունների հետ կապված որոշումներ: