Search
Close this search box.

Ադրբեջանցիները տոնում էին Սպիտակի երկրաշարժը. Դոնալդ Միլլեր

Վերջերս ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կրոնների և քաղաքացիական մշակույթի կենտրոնի նախագահ Դոնալդ Միլլերը, որն իր գործունեության ընթացքում կնոջ՝ Լորնա Թուրյան Միլլերի հետ բազմիցս եղել է Արցախում և Հայաստանում և իր տեսածը ամփոփել «Հայաստան. Հույսի և փրկության պատկերներ» (“Armenia: Portraits of Survival and Hope”) գրքում, ԱՄՆ Սենատում լուսանկարների ցուցադրություն է իրականացրել։ Լուսանկարները պատմում են 20-րդ դ. վերջին Հայաստանի անցած դաժան պատմական ուղու մասին՝ հեղինակի աչքերով։

Վերադարձ կատարելով անցյալ՝ Դ. Միլլերը ցույց է տալիս նկարներից մի քանիսը. «Տեսնում եք, այստեղ ներկայացված են որոշ զինվորների նկարներ, որ պատերազմում վիրավորվել ու տեղափոխվել էին Ստեփանակերտի ռազմական հիվանդանոց։ Ինձ անձամբ շատ հուզել էր այն փաստը, որ հենց ուղղաթիռները եկան՝ բերելով վիրավորներին, այնտեղ կանայք էին սպասում՝ տեսնելու արդյոք իրենց ամուսինները այդ վերադարձող զինվորների շարքում էին, թե ոչ»։

Միլլերը նշում է, որ զարմանալիորեն մեծ արձագանք է ստացել ԱՄՆ կոնգրեսի անդամներից ցուցահանդեսում ներկայացված նկարների վերաբերյա՝ ավելացնելով, որ դրանք հիմնականում ոչ պաշտոնական նամակներ էին, իսկ որոշ դեպքերում նաև անկեղծ, ձեռագիր գրություններ։

Դոկտոր Միլլերի և նրա կնոջ համահեղինակությամբ հրապարակված գիրքը ամփոփ ներկայացնում է 1988-90-ական թթ. համահայկական պայքարը՝ պատմություններով և նկարներով, որոնք արվել են իրենց ճանապարհորդությունների ընթացքում։ Գրքում հեղինակները ներկայացնում են իրենց հարցազրույցները մոտ 300 հայերի հետ, նկարագրում 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո երկրում առաջացած սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակը, երկրաշարժի և պատերազմի հետևանքները, ցույց տալիս հայության ոգին, որ դիմակայել է երկրաշարժին, ջարդերին և պատերազմին։

«Հիշում եմ, որ հատկապես Արցախի բնակիչներից էի տպավորվել։ Դա ավելին էր քան ուղղակի աշխարհագրությունը, այնպիսի զգացում էր, որ հայերի ոգին էր ապրում այնտեղ, և նրանք ուղղակի պատերազմի չէին մղում, նրանք իրենց ճակատագրի համար էին կռվում, և երբ մի քանի տարի առաջ հետ գնացի Արցախ – դա ամբողջովին փոխված վայր էր։ Ես պարզապես հիացած եմ, որ այն կարողացել է ծաղկել հենց այդպես»,- եզրափակում է Միլլերը։

Երկրաշարժի, Արցախի բնակչության տառապանքի և իրենց գոյության իրավունքի համար հայերի մղած պայքարի ականատեսին ամենաշատը վիշտ է պատճառել այն, որ ադրբեջանցիները տոնում էին այն փաստը, որ երկրաշարժը Հայաստանում է տեղի ունեցել։