Search
Close this search box.

Հերթական մանիպուլացված հայտարարությունը՝ հանրաքվեի հանգանակված գումարի մասին

Այսպես, Հայաստանում մեկնարկել է հանրաքվեի քարոզչությունը, որը ֆինանսավորելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստեղծել է «Այո» քարոզչության հիմնադրամ։ Փետրվարի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպած դրամահավաքի ժամանակ հանգանակվել էր 205 միլիոն ՀՀ դրամ գումար։ Նշենք, որ օրենսդրությունը հարցի առնչությամբ ունի իմպերատիվ կարգավորում և համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը։

Սա նշանակում է, որ փետրվարի 25-ին նվիրաբերված գումարի կեսից ավելին պետք է վերադարձվի պետական բյուջե։ Կվերադարձվի՞ արդյոք վերոնշյալ գումարի մի մասը պետական բյուջե՝ հարցի պատասխանը երկար չսպասեցրեց և «իմքայլականների» կողմից հնչեցին՝ եթե ոչ իրարամերժ, ապա, մեղմ ասած, բացարձակապես միմյանցից տարբերվող հիմնավորումներ, սակայն մի բան պարզ դարձավ ՝ ավելի հանգանակված 105 միլիոն գումարը պետական բյուջե չի վերադառնալու։
Իսկ որո՞նք էին իշխանական միմյանցից տարբերվող հիմնավորումները հանրաքվեի արդյունքում հանգանակված գումարի, դրա ծախսման նպատակների, ուղղությունների վերաբերյալ՝ փորձենք հասկանալ․․․․
Դրամահավաքի երեկոյի հրավիրատոմսերում հստակ նշվել է, որ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին», որը այնուհետև հաստատեց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի լրումն Պապիկյանի հայտարարության, նշեց, որ «հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը․․․»։ Ի վերջո, այս ամենին հետևեց Պապիկյանի, այսպես կոչված, մանիպուլյատիվ կուլմինացիոն ամփոփումը, որ «թե՛ իմ, թե՛ վարչապետի հայտարարություններում հստակ նշվել է, որ դրամահավաքը կուսակցական ընթացիկ կարիքների համար է, բնականաբար, ամենակարևոր պատճառը «Այո»-ի քարոզչությունն է։ Դա որևէ կերպ չի թաքցվել և թաքցնելու կարիք էլ չկար»։

Մի բան պարզ է, երկար թաքուն ոչինչ էլ չի մնում և ինչպես ժողովուրդն է ասում « ք․․․ը ձյան տակ երկար չի մնում», և , անշուշտ, նույնը չեն «հանրաքվեի քարոզարշավ» և «կուսակցության ընթացիկ կարիքների ապահովում» հասկացությունները․ վերջինն ավելի լայն հասկացություն է, քան հանրաքվեի քարոզարշավը։ Ինչու՞ են անընդհատ և պարբերաբար տեղի ունենում հայտարարություններ, որոնք հետո կորրեկցիայի ենթարկվում և մանիպուլացված հնարքներով մատուցվում են հանրությանը։ Մի՞թե այս իմաստուն ու մտածող ժողովուրդը կորցրել է ճկուն մտածելու ունակությունը․․․․․․․

Լիլիթ Սիլանյան
Իրավաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ