Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը տեղեկացնում է

Երեկվա տվյալներով աշխարհի արդեն 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսի դեպքեր: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 81 հազար 109-ը դեպք: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նշեց, որ հիվանդների մեծ մասը բուժվում են, մի մասը նույնիսկ ինքնուրույն են բուժվում, բժշկական օգնության կարիք չի լինում. «Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, պետք է ասենք, որ դրանք կազմում են դեպքերի 5 տոկոսը»:

«Այսինքն, մարդը կարող է կորոնավիրուսով վարակվի, թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի, հաջորդ օրը վեր կենա գնա՞…»,-հարցրեց Փաշինյանը:

Նախարար Թորոսյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ դա մի կողմից դրական է, մյուս կողմից բացասական, եթե հաշվի առնենք դեպքերի բացահայտման փաստը:

«Դե եթե մարդը գլխի չի ընկել, որ կորոնավիրուսով վարակվել է, ո՞նց պետք է հայտնաբերի»,-նշեց վարչապետը:

Տարածաշրջանի մասով Թորոսյանն ասաց, որ Իրանում արձանագրվել է 139 դեպք, 19 մահվան դեպք, Վրաստանում կա կորոնավիրուսի մեկ դեպք. «Նրա հետ շփված մարդկանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել»:

Փաշինյանը նշեց, որ Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված քաղաքացին Իրանից Ադրբեջանի տարածքով է հասել Վրաստան: Նա շփվել է սահմանային ծառայողների հետ, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Վարչապետը գովասանքի խոսքեր ասաց վրացական կողմի աշխատանքների հասցեին՝ հույս հայտնելով, որ Հայաստանում ևս նման միջոցառումներ ձեռնարկվում են: Նախարար Թորոսյանի պատասխանը դրական էր:

Արսեն Թորոսյանը խոսեց նաև երեկ Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների մասին՝ հայտարարելով, որ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, հանրապետությունն ապրում է իր բնականոն կյանքով, իսկ եթե անհանգստացնող տեղեկատվություն լինի, այն կհանրայնացվի: Վարչապետը խոսեց նաև բանակում ձեռնակված կանխարգելիչ միջոցների մասին՝ հույս հայտնելով, որ ծնողներն ըմբռնումով կմոտենան դրան:

Փաշինյանը հույս հայտնեց նաև, որ Իրանի գործընկերների կողմից ձեռնարկվող միջոցառումներն արագ արդյունավետ կլինեն և Երևանը կկարողանա օր առաջ վերականգնել բնականոն հաղորդակցությունը: