Search
Close this search box.

Չեղարկել Մարտի 1-ի երթը. «Սասնա ծռեր»-ի կոչը

«Սասնա ծռեր» կուսակցությունը կոչ է անում չեղարկել Մարտի 1-ի երթը.

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ շուտով 2 տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն:

«Միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում… իսկ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է»,- ասվում է հայտարարության մեջ:

«Իշխանություններն իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, …սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել»,- ասվում է հայտարարության մեջ։