Search
Close this search box.

Կեղծ ահազանգի հեղինակները հայտնաբերվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ իր գործառութային առաքելությամբ պայմանավորված, ս. թ. փետրվարի 26-ին տաք հետքերով բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին: Երևան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը: Վարկային կազմակերպության աշխատակիցը, արագ կողմնորոշվելով, ահազանգել է իրավապահ մարմիններին: Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, անհապաղ ձեռնամուխ լինելով ահազանգի իսկության ստուգմանը և հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ արդյունքում բացահայտելով անչափահասների գործունեության ողջ պատկերը:

Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել և փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: