Search
Close this search box.

«Հորդորում ենք իշխանությանը՝ շուրջ 105 միլիոն ՀՀ դրամը փոխանցել պետբյուջե». «ՈՉ»-ի հայտարարությունը

Օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Հարկ է ընդգծել, որ համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։

Այնուհանդերձ, փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ամենայն հավանականությամբ, հանգանակության նպատակի այս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։

Վերոգրյալի հիման վրա քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե»։

«ՈՉ» քարոզչական կողմ