Search
Close this search box.

25-ամյա հովիվն իր 44-ամյա սիրուհի կթվորուհուց լսելով՝ ինչ դաժան ձևով է ընդհատել 7 ամսական հղիությունը՝ կրակել է գլխին

2010 թվականի հունիսի 7-ի վաղ առավոտյան Գառնի գյուղի հանդամասերից մեկում կնոջ դիակ է հայտնաբերվել:

44-ամյա Ասյայի (անունը փոխված է) դիակն էր: Գլխին հրազենային վնասվածք կար:

Պարզվել է, որ սպանվածը Արարատի մարզի բնակիչ է, կարճ ժամանակ առաջ էր տեղափոխվել Գառնի ու որպես ոչխարների կթվորուհի աշխատում էր «Գողթի քաշվան» հանդամասում:

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կինը հանդամասում հայտնվելուն պես մտերմացել էր 25-ամյա երիտասարդ աշխատողի՝ Գարիկի հետ: Վերջինս հովիվ էր հանդամասում:

Կինը ցանկություն էր հայտնել երիտասարդի հետ ապրել նույն կացարանում: Հենց այդ կացարանում էլ հայտնաբերվել է սպանության գործիք ողորկափող որսորդական հրացանը:

Պարզվել է՝ դեպքից հետո Գարիկը հանդամասից անհետացել է: Բայց շուտով նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Գարիկին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2010 թվականի հունիսի 6-ին, ժամը 23-ի սահմաններում Գարիկն Ասյային առաջարկել է բարձրանալ մոտակա բլրակի վրա՝ Գառնի գյուղի գիշերային տեսարանը նայելու:

Աստղերի տակ սրտամոտ, անկեղծ զրույցի ժամանակ իմանալով, որ Ասյան նախկինում յոթ ամսական հղիությունն ընդհատել է շատ դաժան ձևով, Գարիկը խիստ զայրացել է: Նա համարել է, որ կինը դաժան, չար ու անմաքուր անձնավորություն է, և՝ որ նման մարդն իրավունք չունի ապրելու: Առանց երկար մտածելու՝ Գարիկն իր մոտ եղած որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է գետնին փռած ծածկոցի վրա պառկած Ասյայի գլխին ու սպանել է նրան: Հետո հրացանը տարել, թողել է կացարանում, ինքը հեռացել է:

Դատարանում Գարիկն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Հայտնել է, թե Ասյան է հենց սկզբից կամեցել, որ նույն կացարանում ապրեն: Փոխադարձ համաձայնությամբ իրենք գտնվել են ինտիմ կապի մեջ: Բայց ինքը նկատել է, որ նա շատ փնթի կին է, կեղտոտում է կացարանի շուրջբոլորը:

Զգուշացրել է, որ իրեն մաքուր պահի, ցույց է տվել հրացանն ու ասել է, որ «գլխից կխփի», եթե նա իրեն չլսի ու շարունակի փնթիություն անել: Ինքը նաև գործատուին է ասել, որ այդ կինը մաքուր չէ, հետն էլ՝ վատ կթվորուհի է, ոչխար կթել չգիտի, եթե հնարավոր է՝ մի ուրիշ աշխատողի բերեն:

Հունիսի 6-ի ուշ երեկոյան իր առաջարկով բարձրացել են մոտակա բլրի վրա՝ Գառնի գյուղի գիշերային տեսարանով հիանալու:

Բլրի վրա պառկել, զրուցել են: Գիշերվա ժամը 1-2-ի սահմաններում Ասյան անկեղծացել ու պատմել է, որ ապօրինի հղիություն է ունեցել ու յոթ ամսականում շատ դաժան ձևով ընդհատել է:

Այդ պահին անասունների մոտ շների հաչոց է լսվել, ինքը հրացանը վերցրել, գնացել է այդ ուղղությամբ:

Երբ վերադարձել է, Ասյան շարունակել է դաժան պատմությունը, հետո էլ հանգիստ ասել է. «Կարելի ա քեզանից մի տղա ունենալ»:

Ինքը շատ վատ է զգացել: Լրիվ համոզվել է, որ Ասյան դաժան, չար ու փնթի անձնավորություն է, և՝ որ այդպիսի մարդն իրավունք չունի ապրելու: Այդ պատճառով տեղնուտեղը իր մոտ եղած հրացանից կրակել է ծածկոցի վրա պառկած Ասյայի գլխին ու սպանել է: Հետո հրացանը տարել է կացարան, իսկ ինքը հեռացել է…

Գարիկը լուսաբացին զանգել է գործատուին, ասել է, որ Ասյային սպանել է, դիակը գտնվում է բլրի վրա: Գարիկի ասածը գործատուն սկզբում լուրջ չի ընդունել, գնացել է հանդամասի նրանց կացարան, այնտեղ ոչ ոքի չգտնելով՝ նորից է զանգել Գարիկին, հարցրել է՝ ո՞ւր եք: Մտածել է՝ կատակ են անում: Գարիկը նորից է ասել, որ Ասյայի դիակը բլրի վրա է:

Գործատուն աշխատողներից մեկի հետ բարձրացել է բլուրն ու հայտնաբերել Ասյայի դիակը: Ապա ահազանգել է ոստիկանություն…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Գարիկը ճանաչվել է մեղսունակ:

Նա մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Դատավճիռը չի բողոքարկել…