Search
Close this search box.

Լեւոն Երանոսյանի գործով դատարան է ներկայացել Ալեն Սիմոնյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Դատարան է ներկայացել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա այս քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ: Նիստի մեկնարկին նախագահող դատավորը կողմերին հետաքրքրվեց, թե ինչպիսի դիրքորոշում ունեն նրանք մյուս տուժողների բացակայության պայմաններում նիստը շարունակելու վեաբերյալ: Կողմերը չառարկեցին, եւ դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը:

Այս պահին հետազոտվում են գործում առկա տեսանյութերը: Դրանցից մեկը 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու տեսանյութն է, մյուսը՝ ապրիլի 22-ին Արցախի փողոցում տեղի ունեցած ակցիաների տեսանյութը, որոնց ժամանակ բերման էին ենթարկվել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը:

Հւշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: