Search
Close this search box.

Իշխանությունը դավադրություն է փնտրում միջազգային հարթության վրա․ «Սևերի» ու «սպիտակների» կռիվը տեղափոխվել է Վենետիկի հանձնաժողով

Վենետիկի Հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի խորհրդակցական մարմինն է, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից։ Այս կառույցի պաշտոնական անվանումն է՝ Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողով, որի հիմնական գործառույթն է անդամ երկրների սահմանադրությունների, օրենսդրության և դրանց փոփոխությունների մասին կարծիք հայտնելը։ Տարիներ շարունակ իրականացված սահմանադրական, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մեր երկիրը նույնպես այս խորհրդավոր և բազմափորձ կառույցից ակնկալել և ստացել է նրա հեղինակավոր կարծիքը։

Այսպես, 2019 թվականի հոկտեմբեր ամսին, Վենետիկի Հանձնաժողովի իրավական փորձագետները 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ ցմահ նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ թոշակի անցնելու առաջարկի մասին հայտնել են կարծիք՝ հատուկ ընդգծելով, որ կարևոր է հարգել դատական իշխանության կայունությունը և ընդունելի չի համարել յուրաքանչյուր նոր կառավարության ձևորման հետ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը։ Բացի դա, փորձագետները միաժամանակ նշել են, որ վաղաժամ թոշակի անցնելու առաջարկը միջազգային չափանիշների տեսանկյունից կընդունվի միայն այն դեպքում, երբ այն իրականացվի կամավոր սկզբունքով՝ չխոչընդոտելով Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությանը։ Սա առաջին ազդակներից մեկն էր, երբ միջազգային հեղինակավոր կառույցը, այսպես ասած, մեսիջ ուղարկեց Հայաստանի իշխանությանը և կարծես փորձեց հորդորել նրան՝ գործելու բացառապես օրենքի և օրինականության տիրույթում։

Վաղ կենսաթոշակային օրենքի փաստացի տապալմանը հաջորդեց Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը, որն, անշուշտ, պետք է ուղարկվեր Վենետիկի Հանձնաժողով՝ կարծիքը ստանալու ակնկալիքով։ Համենայն դեպս, Հայաստանն այդպիսի պարտավորություն է ստանձնել ԵԽ-ի ու նրա Վեհաժողովի առջև։

Սակայն այս անգամ, ըստ էության, քաղաքական պատճառներով սահմանադրական հանրաքվեի նախագիծը միջազգային փորձաքննության չուղարկվեց, իսկ թե՝ ինչ՞ու, պարզ դարձավ այն ժամանակ, երբ մամուլում հայտնվեցին «իմքայլականների», մասնավորապես՝ Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությունն առ այն, որ Բուքիքիոն այն սուբյեկտը չէ, որի կարծիքը պետք է հաշվի առնել և նրա խոսքը պարզապես դիտարկվում է որպես միջամտություն։ Բաղդասարյանը միաժամանակ նշել էր, որ իրենց խմբակցությունը այդ հարցը պետք է պարզաբանի Բուքիքիոյի հետ և ակնարկել էր, որ Բուքիքիոն որոշակի շահագրգռվածություն ունի, ուղղորդված է և կապ ունի նախկին իշխանությունների հետ։

Ուշագրավ էր նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը, որում նա նշել էր, որ իր համար շատ միանշանակ չի Վենետիկի Հանձնաժողովի որոշ պաշտոնյաների անկողմնակալությունը վերոնշյալ հարցով և այլ հարցերով նույնպես:

Ստացվում է, որ մի կողմից՝ հանդիսանալով եվրոպական արժեքների կրողը և ստանձնելով միջազգային պարտավորություններ, Հայաստանը պետք է հաշվի նստի եվրոպական կառույցների հետ, կամ՝ նվազագույնը, գոնե պահպանի ֆորմալիստական ձևաչափերը, մյուս կողմից՝ եթե հայտնված կարծիքը հաճելի չէ իշխանական թիմի քիմքին, ապա այն ստանում է դավադրական պիտակ։ Բանը նրանում է, որ արդեն իշխանության «դավադրական» կասկածները թևակոխում են նոր մակարդակ, անցնում միջազգային հարթակ և մեղավորներ են փնտրվում արտաքին գործընկերների միջավայրում, ինչը նշանակում է, որ «սևեր» կարող են հայտնվել նույնիսկ Ստրասբուրգում կամ Բրյուսելում։

Մի՞թե «սևերի» ու «սպիտակների» հակամարտությունը տեղափոխվել է միջազգային տիրույթ և եթե այո, ապա մտավախություն ունեմ, որ դրա պտուղները շատ շուտով մենք կքաղենք։ Այս մտավախությունը հաստատվեց, երբ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ պարզելու խնդիրներ կան Վենետիկի հանձնաժողովի հետ։ Ինչևէ, թողնենք դա ժամանակին, քանի որ դեռ «պարզելու» բան կա․․․․

Չեմ թաքցնի դեռ ուսանողական տարիներին իմ երևակայության մեջ փայփայված երազանքը՝ Հայաստանը տեսնել Եվրամիության անդամ-երկրների կազմում, օրեցօր կարծես ավելի է թաղվում մշուշի մեջ՝ թողնելով ինձ ներկա իրականության, ներքաղաքական զարգացումների սարդոստայնում։
Դժվարանում եմ ասել, թե ուր են տանում մեզ հայաստանյան զարգացումները, մնում է հույսը դնել եվրոպացիների տոլերանտության վրա։

Լիլիթ Սիլանյան
Իրավաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ