Search
Close this search box.

Եվս 4 տարի ինչո՞ւ հետաձգել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության: Այս մասին Փաշինյանն ասաց Հանրային hեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մեր մտածածը հետևյալն է, որ մենք իրականացնենք սահմանադրական փոփոխություններ, լուրջ, բովանդակային փոփոխություններ, դե-ֆակտո, առանց խոշոր, սկզբունքային կառուցակարգեր փոխելու, բայց դե-յուրե դա լինի նոր Սահմանադրության ընդունում, որպեսզի մեկ անգամ ժողովուրդը գա և քվեարկի և ընդունի այդ Սահմանադրությունը: Իսկ եթե չքվեարկի, առնվազն մենք այն, ինչ ունենք, կունենանք։ Մեր խնդիրն է ունենալ լեգիտիմ, լիարժեք, անառարկելի, որ ժողովուրդը համարի իր ընդունածը, և եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա երևում է, որ պետք է ընթանա, ըստ ամենայնի հնարավոր կլինի այդ գործընթացը զուգակցել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

Նա գործընթացը կարևորում է այն համատեքստում, որ 1995, 2005 և 2015 թվականների Սահմանադրական հանրաքվեները եղել են կասկածելի, և Սահմանադրության լեգիտիմության խնդիրը կա: «Մենք սահմանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխության, շրջադարձային փոփոխությունների չպետք է գնանք, կարծում եմ, որ դա կլինի նաև մեր քաղաքական թիմի գնահատականը, բայց սահմանադրական փոփոխությունները մշապես գոյություն ունեցող օրակարգ են ցանկացած երկրում»,- նշեց վարչապետը՝ նկատելով, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելով՝ ժողովուրդն իր քվեով կընտրի Սահմանադրությունը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի դիտարկումներին՝ ասաց. «Կարծում եմ՝ այն շեշտադրումը, որ փաստացի գործող Սահմանադրությունը ժողովրդի վստահությունն ի սկզբանե չի վայելել, և Սահմանադրական հանրաքվեները կասկածահարույց են եղել՝ ճիշտ դիտարկում է։ Այն կուսակցությունները, որոնց արժեքային հիմքում ընկած է ժողովրդավարությունը, միշտ պահանջել են քաղաքական գնահատական տալ ու օրակարգում դնել նոր Սահմանադրություն ունենալու հարցը։ Վարչապետը կարծես մասամբ ընդունեց այդ փաստը, ընդունեց այն խնդիրը, որ կա անհրաժեշտություն ամբողջ Սահմանադրությունը դնելու հանրաքվեի ու ի վերջո ունենալու այնպիսի Սահմանադրություն, որը վայելում է հանրության ու քաղաքական ուժերի վստահությունը»։

Միևնույն ժամանակ Դիլբարյանն ասաց՝ բավականին անհասկանալի էր այն ձևակերպումը, որ փոխել գերվարչապետական լիազորությունները նպատակահարմար չէ, և հետևյալ պնդումը, որ ժողովրդավարական կառավարաման համակարգի պայմաններում գերվարչապետական ուղղություն չի լինում. «Պետք է ընդունել, որ ժողովրդավարությունն աքսիոմա չէ, ի վերուստ տրված երևույթ չէ և ինչ-որ պահի լինում է, բայց այդ պահից հետո բնավ չկան երաշխիքներ, որ կարող է լինել։ Այսինքն՝ մեկ անգամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված անհատը կամ գործիչը չի կարող լինել հավերժ կայուն ժողովրդավարության երաշխավորը։ Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարական ալիքի վրա եկած շատ առաջնորդներ, քաղաքական ուժեր տարբեր պատճառներով հետագայում դրանից հրաժարվել են։ Ուստի ժողովրդավարությունը պետք է երաշխավորվի ոչ թե գործչի, քաղաքական ուժի բարի կամքով, այլ օրենքներով։ «Ժառանգությունը» համոզված է, որ օրակարգում պետք է լինի Սահմանադիր ժողովի գաղափարը։ Այն պետք է ունենա մասնագիտական, քաղաքական բաղադրիչ։ Քաղաքական այն ուժերը, որոնք իրենց անցած ամբողջ գործունեության ընթացքում այդ արժեքներն են առաջ մղել, պետք է կարողանան իրենց տեսակետը առաջ քաշել։ Սահմանադիր ժողովը հենց դրանով է տարբերվում զուտ մասնագիտական, իրավական հանձնախմբից։ Իմ կողմից շատ հարգված մի իրավաբան ասաց՝ իրավաբանները կատարում են քաղաքական կամք, իրենք գործիք են։ Իրավաբանին ասում են՝ գրիր կիսանախագահական սահմանադրություն՝ գերնախագահական լիազորություններով, նա գրում է»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ հենց հիմա պետք է ձեռնամուխ լինել Սահմանադրության շատ կարևոր դրույթների շուրջ հանրային խոսույթ կազմակերպելու գործին և նոր դրանից հետո ժամկետների մասին դատողություններ անել. «Լուրջ չէ մտածել, որ գործող Սահմանադրությունը աննշան փոփոխություններով հանրաքվեի դնելու դեպքում բոլորը կողմ կլինեն։ Ինչո՞ւ պետք է այդպես լինի, չէ՞ որ մարդիկ «ոչ» են ասել, ոչ թե որ այն Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանն էր առաջ քաշել, այլ տեսել են իրավաբանական թիմի առաջ քաշած թակարդները։ Մենք տեսնում ենք, որ գործող Սահմանադրությունը բազմաթիվ անորոշությունների ու ականների դաշտ է, ուստի մենք պետք է բովանդակությունը փոխենք։ Երբ այդ խոսույթը ծավալվի, կունենանք Սահմանադիր ժողովի նման մի մարմին, նոր կարող ենք ժամկետների վերաբերյալ ինչ-որ դատողություններ կատարել»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ցավում է, որ իր կարծիքը դեմ է վարչապետի հայտնած մտքերին. «Նախ առաջինը՝ ևս 4 տարի հետաձգել Սահմանադրության փոփոխությունը։ Երկրորդ՝ կառավարման համակարգին եթե չեն անդրադառնում, փոփոխության իմաստոը ո՞րն է, ի՞նչն են փոխում։ Կարծում է, որ ժողովրդավարական համակարգում գերվարչապետական համակարգ չի կարող լինել, բայց նա այդպիսով մտավ դեմագոգիայի դաշտ։ Ինձ համար, որպես նախկին գործընկեր, տխուր է, որ կառավարման համակարգի հակակշռող մեխանիզմը, այսպես կոչված, ժողովրդավարական բալանսով ուզում է փակել»։

Ըստ Մակեյանի՝ բալանսն այս դեպքում հարաբերական է. «Այսօր դու ես, վաղը կարող է մեկ ուրիշը լինել ու այդ բալանսն էլի օգտագործել իր համար։ Այսինքն՝ պետք է հստակ գործը համակարգի հակակշռող մեխանիզմը։ Առավել ևս՝ կյանքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը մերժված է ժողովրդի կողմից։ Սա է խնդիրը։ Ցավում եմ, որ չեն ընկալում լրջությունը, վտանգները։ Իմ տպավորությամբ՝ պետք է փորձեն վերանայել իրենց կարծիքը, հակառակ դեպքում մինչև այդ ընտրությունները գործընթացները չեն հասնի»։
1in.am