Search
Close this search box.

1,5 միլիարդ դոլարը անվտանգության համատեղ նիստի սեղանին

Հայաստանի ու Արցախի տնտեսությունների մրցունակությունն է հայկական անվտանգության կարեւորագույն բաղադրիչը, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում, որտեղ կայացել է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:

Պարզ է, որ անվտանգությունը տնտեսական կարողությունների համախառն կապիտալիզացիան է տարբեր ուղղություններով՝ բանակից մինչեւ մշակույթ: Մրցունակ, դիվերսիֆիկացված, արտաքին մարտահրավերների հանդեպ առավելագույնս դիմադրունակ տնտեսության ձեւավորումը անվտանգային գերխնդիր է Հայաստանի ու Արցախի համար, որի շնորհիվ է հնարավոր լուծել անվտանգությանն առնչվող մյուս խնդիրները:

Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի համատեղ նիստում ազդարարել է, որ ռեգիոնալ անվտանգային իրադրությունը լիցքաթափվելու փոխարեն ավելի է սրվում, առաջացնելով նոր ռիսկեր, եւ այդ համատեքստում էլ կարեւոր է համարել տնտեսական մրցունակության հարցերի քննարկումը:

Դրա հետ մեկտեղ, անկասկած է, որ հայկական տնտեսությունն իր ներկայիս վիճակով համարժեք չէ անվտանգային մարտահրավերներին, ու ընդհանրապես հայկական գործոնի համաշխարհային դերակատարմանը՝ դրա ռազմա-քաղաքական եւ քաղաքակրթական նախադրյալներով: Միեւնույն ժամանակ, Հայաստանն անշուշտ պետք է տնտեսական մրցունակության խնդիրները դիտարկի նաեւ հենց այդ գործոնի եւ նախադրյալների համատեքստում, ապահովելով փոխադարձությունը: Որքան տնտեսական մրցունակությունն է անվտանգային խնդիրների սպասարկման բազան, նույնքան էլ ռազմա-քաղաքական եւ քաղաքակրթական դերի արժեվորումը, իրացումն ու սպասարկումը կարող է լինել տնտեսական մրցունակության նոր աղբյուրների եւ ռեսուրսների բացահայտման, հայտնաբերման աղբյուր:

Այդ իմաստով ակնառու է, որ հայկական տնտեսության մրցունակությունն ու դիմադրունակությունը ոչ միայն համահայկական ներուժի խնդիր է, այլ հարց, որի լուծումները երբեւէ չեն կարող արդյունավետ լինել, եթե չեն դիտարկվում գլոբալ քաղաքականության ու գեոտնտեսության իրողությունների ու հարաբերակցության համատեքստում:

Այդ ամենով հանդերձ, անվտանգություն-տնտեսություն հարցը ԱԽ համատեղ նիստի սեղանին ունի նաեւ մեկ այլ հետաքրքիր ասպեկտ: Երկու օր առաջ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ բանակի համար հնգամյակի ընթացքում ազդարարված 2,5 միլիարդ դոլար ծախսի 1,5 միլիարդը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, նախկին համակարգում հանրությունից յուրացվածը վերադարձնելու արդյունքում: Ի վերջո, տնտեսական դիվերսիֆիկացիան, տնտեսական հեղափոխությունը անվտանգային խնդիրներին համարժեք ծավալի կապիռտալիզացիայի ենթարկելու համար օբյեկտիվորեն պահանջվում է ժամանակ եւ բարդ կառավարում: Բայց, մեզ ժամանակ չեն տալիս միջազգային իրադրությունն ու մարտահրավերները:

Եվ այստեղ էական է Հայաստանի նախորդ քառորդ դարում «կորցրած ժամանակի» վերականգնումը, որը Հայաստանից ոչ միայն նյութական ռեսուրս է խլել, այլ նաեւ արդիականացման ահռելի, մի ամբողջ սերունդ ժամանակ: 1,5 միլիարդը գործնականում այդ կորցրած ժամանակի գնահատումն է՝ գուցե օպտիմալ, նվազագույն գնահատումը, որի վերականգնումը թույլ կտա Հայաստանին ժամանակ շահել անվտանգային առավել խորքային լուծումների բազա ձեւավորելու համար:

Մեծ հաշով, Նիկոլ Փաշինյանը, խոսելով տնտեսության եւ մարտահրավերների մասին, անվտանգության խորհուրդների համատեղ նիստում թերեւս դրել է 1,5 միլիարդի ռազմավարական հարցը: Դա առավել հետաքրքիր է այն առումով, որ Արցախի ներկայիս ղեկավարությունը որոշակիորեն հաղորդակից է նախկին իշխող համակարգի այն բարձրաստիճան շրջանակներին, որոնք գործնականում պատասխանատու են Հայաստանի կորցրած ժամանակի համար: