Search
Close this search box.

Ախտանիշի դեպքում ուղևորը շտապ օգնության մեքենայով տեղափոխվում հիվանդանոց. կորոնավիրուսի վերահսկումը Հայաստանի սահմանին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։

Տեսչական մարմինը պետական սահմանին (օդային, ավտոճանապարհային, երկաթուղային) սահմանային բժշկասանիտարական բոլոր հսկիչ կետերում, այդ թվում եւ՝ Մեղրիի անցակետում, հունվարի 24-ից անցել է վերահսկողական աշխատանքների ուժեղացված ռեժիմի՝ կանխելու կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը։

Միաժամանակ, Մեղրիի հսկիչ կետում ներկայում տեխնիկական վերազինման եւ ԱԱՏՄ սահմանային անցակետը նոր՝ առավել հարմար վայրում տեղակայելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխարգելելու նպատակով շարունակվում է ԱԱՏՄ-ի կողմից ուժեղացված հսկողությունն ինչպես Չինաստանից ժամանած, այնպես էլ ՀՀ պետական սահմանը հատելուց առաջ վերջին 14 օրերի ընթացքում Չինաստանի Հանրապետությունում գտնված անձանց նկատմամբ: Իրականացվում է ավտոմատ ջերմաչափում, համաճարակաբանական հետազոտություն,լրացվում են բնակության վայրի հասցեական քարտեր և տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան վայրի պոլիկլինիկաներին՝ հիվանդության մաքսիմալ գաղտնի շրջանի չափով (14 օր) հետագա հսկողությունը սահմանելու նպատակով:

Եթե ուղևորի մոտ առկա են հիվանդությանը բնորոշ ախտանշաններ, ուղևորը մեկուսացվում է և շտապ օգնության մեքենայով տեղափոխվում ինֆեկցիոն հիվանդանոց:

Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները համալիր գործողությունների շարք են, որը համակարգվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Բոլոր միջոցառումների հիմքում պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն է։

Գևորգ Զաքարյան