Search
Close this search box.

Ի՞նչ է տեղի ունեցել Շմայսի որդու զորամասում՝ զինծառայողի զոհվելուց առաջ. մանրամասներ

Ի՞նչ է տեղի ունեցել «էլիտար» զորամասում՝ զինծառայողի զոհվելուց առաջ. մանրամասներ
Tert.am-ին մանրամասն տեղեկություններ են հայտնի դարձել հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում, ինչպես մամուլում է նշվում՝ «էլիտար» զոմասաում, շարքային Վահրամ Ավագյանի մահվան հանգամանների վերաբերյալ:

Ըստ Tert.am-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների՝ հունվարի 30-ի առավոտյան ՊԲ N զորամասի 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի անձնակազմը ստացել է հաստիքային զենքերը և նախապատրաստվել մեկնելու բանակի ուսումնական կենտրոն` պլանավորված մարտական հրաձգությամբ կրակային վարժությունը կատարելու համար:

Սակայն մինչ այդ՝ շարքայիններ Վահրամ Մկրտիչի Ավագյանի և Դավիդ Առաքելի Մովսիսյանի միջև զորանոցի հարակից ծխարանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի պատճառը եղել է այն, թե իբր Դավիդ Մովսիսյանը հանդիմանել է շարքային Վահրամ Ավագյանին, որն իր զենքն անզգուշաբար ուղղել էր Մովսիսյանի վրա: Դրանից հետո զինվորները վիճել են, հայհոյանքներ հնչեցրել, տեղի է ունեցել քաշքշոց, ինչին միջամտել են զորամասի այլ ծառայողներ, միջադեպը կանխվել է մեկ այլ զինծառայողի՝ Ա. Սարգսյանի միջամտությամբ, որը, ըստ տեղեկությունների՝ «արտոնյալ» է զորամասում ու Դավիդ Մովսիսյանի հովանավորյալը:

Վիճաբանությունից հետո Ա. Սարգսյանը որոշել է պարզաբանումներ ստանալ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ Վահրամ Ավագյանն այդ միջադեպից հետո ճնշված է եղել, և մտավախություն է ունեցել սպասվող պարզաբանման համար:

Սակայն, այդ օրը ևս մեկ միջադեպ է գրանցվել Դավիդ Մովսիսյանի վերաբերյալ. կրակադաշտ մեկնելիս մեքենայի նստարանից Դավիդ Մովսիսյանը վայր է ընկել, ինչը զորամասի տղաների ծիծաղն է առաջացրել, որոնց Մովսիսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել, իսկ իր մտերիմներից Խ. Գասպարյանին, հասկացրել է, որ վիրավարանքները նրան չեն ուղղված, այլ իր «չուզողներին»: Վահրամ Ավագյանը մտածել է, որ վերջին ակնարկը ևս իրեն է ուղղված, սակայն չի պատասխանել:

Հրաձգարանում ՌՀԴն-ի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը ժամը 13.00-ի սահմաններում կրակոցների ձայն է լսել, և ղեկավարման կետից դուրս գալով տեսել է շարքային Վահրամ Ավագյանին, որը հայհոյանք և կրակոց արձակելով շարժվում էր իր համածառայակից ընկերների ուղղությամբ: Մայոր Գ. Գևորգյանը փորձել է հանգստացնել շարքային Վ. Ավագյանին` համոզելով, որ վայր դնի զենքը, սակայն Վ. Ավագյանը զենքն ուղղել է դեպի նա և սպառնացել, որ չմոտենա: Զինվորի նման պահվածքից մայոր Գ. Գևորգյանը ընկրկել է, իսկ Ավագյանը շարժվել է առաջ` շարունակելով անկանոն կրակոցներ արձակել տարբեր ուղղություններով: Մայոր Գ. Գևորգյանը իրավիճակը չհանգուցալուծած փորձել է մոտ կանչել սանիտարական ավտոմեքենան՝ հնարավոր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար):

Ստեղծված իրադրությանն անմիջապես իր մասնակցությունն է ցուցաբերել ՌՀԴն-ի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Խ. Ա.-ն: Թիկունքում լսելով կրակոցի ձայնը` նա անմիջապես շարժվել է այդ ուղղությամբ և շարքային Վ. Ավագյանին հանդիպել ուսումնական վահանակների մոտ: Մայոր Խ.Ա.-ն փորձել է թիկունքից մոտենալ շարքային Վ. Ավագյանին և վնասազերծել նրան, սակայն վերջինս նկատել է ԲՀԱ գծով տեղակալին և զենքն ուղղել դեպի նա, սպառնալով, որ հեռանա. «Պարոն մայոր, Դուք նոր եկած եք, չեմ ուզում ձեզ վնասեմ, կանգնեք…»(մայորը պաշտոնին նշանակվել է հունվարի 24-ին):

Այնուհետև, ըստ Խ. Ա.-ի պատմածի՝ Ավագյանը, կրակահերթ է արձակել դիտաշտարակի լեյտենանտ Վ. Վ.-ի ու նույն Խ. Գասպարյանի ուղղությամբ:

Մայոր Խ. Ա.-ն շարունակել է հորդորել Ավագյանին, որպեսզի վերջինս դադարեցնի իր գործողությունները, զենքը վայր դնի և հանդարտվի, միևնույն ժամանակ շարունակելով հետևել նրան: Սակայն, անսպասելիորեն շարքային Վ. Ավագյանը զենքը բարձրացրել է իր կրծքավանդակի ուղղությամբ և արձակել երկու կրակոց: Նրան անմիջապես տեղափոխել են սանիտարական մեքենա և տեղափոխել Իվանյանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ գրանցել է զինծառայողի կենսաբանական մահը:

Հրաձգարանի միջադեպի վերաբերյալ զինծառայոները վերը նշածի տրամաբանությամբ բացատրություններ են տվել, գրեթե նույնաբովանդակ, նշել են, նաև, որ Ավագյանը կրակոցներ արձակելով և հայհոյանքներ հնչեցնելով շարժվել է այն ուղղությամբ, որտեղ գտնվել է շարքային Դավիդ Մովսիսյանը: