Search
Close this search box.

Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանի

Իրանից ստացվում է կորոնավիրուսի վարակի առնչությամբ նոր եւ տագնապալի տեղեկություն՝ հարեւան երկրում կա մահացության նոր դեպք, կան նոր վարակակիրներ: Դրանց թիվը, ըստ պաշտոնական տվյալի, չափազանց փոքր է: Բայց, հնչում են նաեւ հարցադրումներ, թե արդյոք պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է ամբողջական պատկերը:

Համենայն դեպս, անգամ փոքր թիվը Հայաստանում առաջացրել է հայ-իրանական սահմանի առնչությամբ վերահսկողության հարցադրումներ: Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկում են թե ցամաքային, թե օդային հաղորդուղիները եւ ձեռնարկում վարակի ներթափանցման ռիսկը չեզոքացնելու անհրաժեշտ քայլեր:

Դրանով հանդերձ, միամիտ կլինի կարծել, թե ընդհանրապես որեւէ երկիր կարող է կիրառել սահմանային հսկողության բացարձակ երաշխավորվածության մեխանիզմ, եթե հաշվի առնենք, որ վարակը Չինաստանից արդեն իսկ տարածում ունի ամենատարբեր ուղղություններով:

Այդուամենայնիվ, հարեւան երկրում վարակի առկայությունը պարտադրում է խստագույն վերահսկողություն իրականացնել հենց Իրանի հետ հաղորդուղիների տեսանկյունից:

Այստեղ հայկական կողմի համար իրավիճակը երկշերտ է: Բանն այն է, որ հարեւան Իրանի հետ կա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Արցախի Հանրապետության սահմանը:

Խուճապի կարիք չկա, բայց անհրաժեշտ է էապես բարձրացնել հայ-իրանական սահմանի ամբողջական վերահսկողությունը, որեւէ դիտավորյալ կամ պատահական ներթափանցում թույլ չտալու կամ ռիսկը նվազ եւ կառավարելի դարձնելու համար:

Ի վերջո, հաշվի առնելով սահմանամերձ շրջանների էթնո-ժողովրդագրական որոշակի առանձնահատկությունը, պետք է դիտարկել հնարավոր ամենատարբեր վարկածներ:

Դիտարկվու՞մ է հայ-իրանական սահմանային հաղորդակցության դադարեցում ընդհանրապես: Համենայն դեպս Իրանի երկու անմիջական հարեւան՝ Քուվեյթն ու Իրաքը արդեն իսկ արել են այդ քայլը, թեեւ ի տարբերություն Հայաստանի, այդ երկրների հետ Իրանի սահմանային հաղորդակցության ինտենսիվությունն անհամեմատ ավելին է:

Հայաստանի պատկան մարմինները հայտարարել են, որ իրանական կողմի հետ համատեղ քննարկում են սահմանային միջոցառումների հարցը: