Search
Close this search box.

«Այո»-ն ու «Ոչ»-ը կզիջեն դիրքերը, եթե չարդարացնեն հանրաքվեն

Հրեական ավանդազրույցի համաձայն երկրում ապրում են 36 արդարներ, որոնք արդարամիտ վարքով արդարացնում են աշխարհն Աստծո աչքում։ Ո՞ր դեպքում Սահմանադրության հանրաքվեն արդար կանցնի։ Եվ ովքե՞ր են արդարացնելու այն։

Հանրաքվեի քարոզարշավն օրացույցով մեկնարկել է, բայց չի նկատվում։ Հայտնի չեն կողմերի քարոզչական կռվանները։ Փողոցների գովազդային վահանակների վրա չեն երևում քարոզչական պաստառները։ Չկան կարգախոսներ։ Վարչապետը հերթական լայվով խոսում է ոչ թե հանրաքվեի, այլ բալային համակարգի մասին։ Եթե նկատի ունենանք, որ «Ոչ»-ը հանդես է գալիս փորձառու իրավաբանների միջոցով, որոնք անկուսակցական, ապաքաղաքական մարդիկ են, իսկ «Այո»-ի շտաբում քիչ են փորձառու քաղաքական գործիչները, ապա կարելի է ենթադրել իրադարձությունների զարգացման 3 տարբերակ։

Բանավեճը կտեղափոխվի ապաքաղաքական դաշտ, եթե «Ոչ»-ը կարողանա եղանակ թելադրել և հարցը տեղափոխել իրավական հարթություն։ Այդ դեպքում կստվերվի հանրաքվեի քաղաքական, մշակութային-քաղաքակրթական նշանակությունը, արժանի ըմբռնման չի արժանանա ժողովրդի և ազատ աշխարհի կողմից։ Հետևաբար՝ «Այո»-ի հաղթանակից հետո դրականորեն չի փոխվի Արևմուտքի վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ։

Բանավեճը կտեղափովի քաղաքական դաշտ, եթե «Այո»-ին հաջողվի քաղաքական հստակ շեշտադրումներ կատարել, քարոզարշավը դուրս բերել ՍԴ անդամների անձերի հետ կապված խնդիրների շրջանակից։ Այս դեպքում «Ոչ»-ը առանց դիմադրության կպարտվի, չկարողանալով քաղաքական համարժեք հակահարվածներ տալ։

Հավանական է նաև, որ բանավեճ ընդհանրապես չկայանա։ Դա հնարավոր է այն դեպքում, երբ «Այո»-ն ու «Ոչ»-ը չկարողանան (չցանկանան) ներկայացնել իրենց կռվանները, արհամարհեն ընտողին և չարժևորեն նրա 5 րոպեն, երբ «Այո»-ն չբացատրի ընտրողին, թե ՍԴ-ի վերակազմավորումից հետո ի՞նչ հրատապ բարեփոխումներ են իրականացնելու, իսկ «Ոչ»-ը չասի, թե ի՞նչ կկորցնի Հայաստանը այս փոփոխության արդյունքում։

Եթե քարոզարշավը շարունակվի այս աննախադեպ անտարբերության մթնոլորտում, որը կա հիմա, ապա հանրաքվեն կտապալվի ընտրողի համարժեք անտարբերության հետևանքով։ Պատկերավոր ասած՝ եթե «Այո»-ի ու «Ոչ»-ի կողմերը չկարողանան արդարացնել հանրաքվեն, ապա կզիջեն իրենց հանրային դիրքերը։ Նրանց տեղը կզբաղեցնեն այլոք, որոնք կստանձնեն Հայաստան աշխարհ արդարացնելու առաքելությունը։

Թաթուլ Մկրտչյան