Search
Close this search box.

Դանակահարություն Երևանում. 2 անչափահասներ են տեղափոխվել հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրնց մոտ է տեղափոխվել 2 երեխա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գոռ Գ-ն և 17-ամյա Գուրգեն Ի-ն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից Գուրգեն Ի-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ Գոռ Գ-ն գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Փափազյան 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնից տարածքից։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների հետ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցաումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Գոռ Գ-ի և Գուրգեն Ի-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Արման Ս-ն, 16-ամյա Ալբերտ Ս-ն, 16-ամյա Համլետ Մ-ն և 18-ամյա Մանուկ Մ-ն, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Ս-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ-ին և Գուրգեն Ի-ին։

Կայքի տեղեկություններով՝ նշված անձանցից Ալբերտ Ս-ն և Արման Ս-ն ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։

Արաբկիրի ոստիկաննեչրը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջում, իսկ կասկածյալներից Արման Ս-ն և Ալբերտ Ս-ն սովորում են «Հայբուսակ» համալսարանում։