Search
Close this search box.

ԲՀԿ-ով զբաղվելու իրական պատճառը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը հանգիստ չի տալիս քաղաքական դաշտի հնաբանակներին, և այնտեղ մուտք գործել փորձող նորելուկներին:

Ծառուկյանը և նրա ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զարմանալի քաղաքական կայունություն է դրսևորում իր ստեղծման պահից՝2006թ.: Սկզբում Ծառուկյանին կապում էին Քոչարյանի հետ, հետո մեղադրում Սարգսյանի իշխանության հետ համագործակցելու մեջ:

Ծառուկյանը և նրա ղեկավարած կուսակցությունը հսկայական դերակատարում ունեցան Փաշինյանի վարչապետ նշանակվելու և թավշյա հեղափոխության հաղթանակի և ամրապնդման գործում, բայց չնայած դրան Ծառուկյանը և ԲՀԿ-ն երբեք չեն նույնականանում իշխանության հետ, երբեք չեն դառնում իշխանության հինգերորդ անիվը: ԲՀԿ-ն մշտապես պահում է իր անկախ և ինքնուրույն կարգավիճակը:

Իշխանությանը դա հանգիստ չի տալիս շատ հասկանալի պատճառներով: Յուրաքանչյուր իշխանություն կցանկանա ունենալ կառավարելի ընդդիմություն` մի ընդդիմություն, որին կարելի է մի քանի կոպեկով կաշառել ու կառավարել: ԲՀԿ-ի դեպքում դա անհնար է. ԲՀԿ-ն ինքնաբավ է բոլոր առումներով. թե ֆինանսական, թե մարդկային և թե լրատվական և քարոզչական ռեսուրսի առկայության իմաստով: Հենց դրանից է բխում կուսակցության անկախությունը, նա կարիք չունի կողմնակի աջակցության և հովանավորության:

ԲՀԿ-ի գոյությունը հանգիստ չի տալիս ընդդիմադիր կուսակցություններին: Սա նույնպես իր բացատրությունն ունի: Ցանկացած ընդդիմադիր կուսակցություն հասկանում է, որ ընդդիմադիր դաշտում ինքնահաստատվելու համար, ուզի թե չուզի, պետք է մրցակցության մեջ մտնի այդ դաշտի առաջատարի հետ:

Իսկ այդ մրցակցությունը որևէ լավ հեռանկար չի կարող խոստանալ: Անցյալում մրցակցության մեջ մտած ու այդ մրցակցությունից վաղուց դուրս մնացած կուսակցությունների օրինակը նորերի համար հանրագիտարան է: Բավական է միայն հիշել «Օրինաց երկրի», կամ ասենք »Միավորված աշխատանքային կուսակցության»՝ ՄԱԿ-ի օրինակը: Այս կուսակցությունները հսկայական ջանք ու միջոցներ գործադրեցին ընդդիմադիր դաշտում իրենց գոյությունը պահպանելու համար, բայց հիմա քաղաքական դաշտի նույնիսկ լուսանցքում նրանց հնարավոր չէ գտնել: Հետո հերթը հասավ Ժառանգությանը, որը այդպես էլ որևէ քաղաքական ժառանգություն չթողեց: ԲՀԿ-ին ոչնչացնել փորձող ՀՀԿ-ն հիմա քաղաքական պատմության արգելոց թանգարանում է, և գուցե պաշտպանվում է պետության կողմից:

Այնպես որ, իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ իրենց հերթին ու իրենց հնարավորության սահմաններում փորձում են Ծառուկյանին քաշել իրենց կողմը: Այն հույսով, որ եթե չհաջողվի էլ իրենց կողմը տանել, գոնե չեն թողնի, որ հակառակորդ ճամբարը տանի: Դե ինչ, դա էլ է զբաղմունք, թող զբաղվեն:
ArmLife.am