Search
Close this search box.

Առողջապահության նախարարություն տեղեկացնում է

Շարունակելով գրիպի և սուր շնչառական վարակների օրական մշտադիտարկումը` պետք է նշել, որ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում:

Սուր շնչառական վարակներով պոլիկլինիական դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ:

Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով և հետգրիպային բարդություններով հոսպիտալացումներում, չնայած այն հանգամանքին, երբ Երևան քաղաքի մանկական հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Համաճարակաբանական վերլուծությունների տվյալները փաստում են, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ երեխաներն են, ովքեր, որպես ռիսկի խումբ, պետք է պատվաստվեն գրիպի դեմ:

Կրկին հիշեցնենք, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռևս չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առկա իրավիճակին, ապա այսօրվա դրությամբ նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հիվանդացությւնը կազմում է 7,1%: Վերջինս բացատրվում է այն հանգամանքով, որ ձեռնարկված «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ, իսկ նրանց տվյալները տրամադրվում են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ անհրաժեշտ խորհրդատվություն և բուժում ապահովելու համար: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու համար «համաճարակային ֆիլտրի» աշխատանքները կրելու են շարունական բնույթ:

Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
հագնվե´ք եղանակին համահունչ,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հետևե´ք անձնական հիգիենային։