Search
Close this search box.

Ապօրինի հարստացածների ցուցակի մեծ մասը զինվորականներ են․ զինվորով զբաղվելու փոխարեն բիզնեսով են զբաղվել

«Սրանք մեր իրականության ամենատխուր դեպքերն են, որ վերջին շրջանում անհասկանալիորեն բավականին շատացել են. ես չգիտեմ, թե ինչու են հատկապես հիմա շատացել այդ դեպքերը: Մի բան հաստատ է՝ այդ բոլոր ինքնասպանությունները ըստ էության սպանություններ են, որովհետև ինքնասպանվում են պատանիներ, և նրանք այդ քայլին կարող էին դիմել միայն այն դեպքում, երբ նրանց հասցնեին ինքնասպանության: Այսինքն՝ այդ զորաամսերում ստեղծվում են այնպիսի պայմաններ, երբ երիտասարդը այլ ելք չի գտնում՝ բացի իր վրա կրակելուց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերին:

Նրա խոսքով՝ ոչ կանոնադրային հարաբերությունները միշտ էլ բանակներում ստեղծել են այդպիսի իրավիճակ. «Մեր բանակը կառուցված է ռուսական, այնուհետև՝ խորհրդային բանակի նախատիպով, և այնտեղից մեր ժառանգել ենք բոլոր այն արատավոր երևույթները, որ եղել են ռուսական և խորհրդային բանակներում»:

Իրավաաշտպանի կարծիքով՝ 1995-96 թվականներին, երբ արդեն կնքվել էր զինադադարը, անհրաժեշտ էր փոխել մեր բանակի ընդհանուր կառուցվածքը. «Օրինակ՝ ես կարծում եմ, որ պետք է զորակոչային տարիքը բարձրացվի. բանակ պետք է զորակոչվի ոչ թե 18 տարեկան պատանին, այլ 21 տարեկան հասուն տղամարդը: Կարծում եմ նաև, որ պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի բանակում ծառայող զինվորներն ավարտեն իրենց ուսումը բուհերում և արդեն կազմակերպված, կրթված, այլ աշխարհընկալում ունեցած վիճակում հայտնվեն բանակային միջավայրում: Այսինքն՝ փոքր-փոքր, բայց հաստատուն քայլերով Հայաստանի բանակը պետք է կտրվեր այն արատավոր երևույթներից, որոնք գուցե ստիպված ենք մենք ժառանգել»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նաև նշեց, որ ապօրինի հարստացածների ցուցակի մեծ մասը զինվորականներ են․ զինվորով զբաղվելու փոխարեն բիզնեսով են զբաղվել: