Search
Close this search box.

Ինչո՞ւ են ավելացել բանակում կատարվող սպանությունները

Գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ստանում ենք բանակում կատարվող սպանությունների մահվան բոթեր: Մեր զինվորները սպանվում են ոչ թե հակառակորդի դիպուկահարի կրակոցից, այլ «դեռ չպարզված հանգամանքներում»: Այդ հանգամանաքները էական չեն, կարևորը մարդկային կորուստներ են, և դրանց թողած հոգեբանական ազդեցությունը: Իսկ այդ հոգեբանական ազդեցությանը մամուլի միջոցով ենթարկվում է ամբողջ հասարակությունը:

Բանակում միշտ էլ դժբախտ պատահարներ, ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով սպանություններ և ինքնասպանություններ եղել են, բայց հիմա դրանց ահագնացող քանակը ստիպում է փնտրել դրա պատճառահետևանքային կապը: Ես բանակի ներկա ու նախկին սպայակազմից լսել եմ տարբեր պատճառաբանություններ: Ամենահաճախ տրվող բացատրությունը բանակում տիրող ամենաթողության մթնոլորտն է: Զինվորները հնարավորություն ունեն բջջային հեռախոսներ պահել, ավելին՝ դրանց միջոցով նկարել բանակային կյանքը և շատաժի ենթարկել սպայական կազմին: Ինքնասպանության հասցնելու համար հոդվածի խստացումը սպայական կազմին ստիպում է ավելի զգուշավոր լինել զինվորների հետ շփումներում, քանի որ ամեն մի ավելորդ խոսք, ամեն մի անզգույշ ասված կամ հասկացված նախադասություն կարող է ընկալվել որպես զինվորին ինքնասպանության հասցնելուն ուղղված միջոց: Իսկ բանակը առանց երկաթյա կարգապահության վերածվում է խառնամբոխի և դժվար է հետո որոշել, թե որը ինչից հետո եղավ, ով ինչի համար է պատասխանատու:

Հնարավոր է, որ կարգապահության անկումը, բարձր և միջին սպայական կազմի նկատմամաբ տարբեր պատճառներով հարուցված քրեական գործերն ու իրականացվող քրեական հետապնդումն ազդել են բանակի բարոյահոգեբանական ընդհանուր վիճակի վրա: Բայց միայն այդ հանգամանքով բացատրել սպանությունների թվի նման ավելացումը սխալ կլինի: Տպավորություն կա, որ այս սպանությունների միջոցով հասարակությանը վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, որի նպատակը մարդկանց հոգեպես ընկճելն ու բանակի նկատմամաբ վերաբերմունքը փոխելն է: Նպատակն այն է, որ մարդիկ սեփական բանակին նայեն ոչ թե որպես երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցի, այլ որպես սպանությունների ու խեղումների որջի, մի հաստատություն որի անդամներն իրենք իրենց ընդունակ չեն պաշտպանելու, էլ ուր մնաց հայրենիքն ու նրա անվտանգությունը: Սա պետության և պետականության դեմ ուղղված ամենավտանգավոր ուղերձն է, իսկ թե ովքեր կարող են կլինել այդ ուղերձի հեղինակները և պատասխանատուները, պետք է փնտրել և գտնել միասնաբար: Մի բան հստակ է, որ իշխանությունը և նրա ստեղծած պետական ինստիտուտները դա չեն ցանկանում անել, կամ առնվազն անկարող են:

ArmLife.am