Search
Close this search box.

ԲՀԿ-ն այսօր քաղխորհրդի նիստ է անցկացնելու․ հայտարարելու են հանրաքվեի հարցով իրենց դիրքորոշումը

Այսօր ժամը 16։00-ին ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստ է անցկացնելու՝ քննարելու Սահմանադրական փոփոխությունների հարցով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա նշեց, որ քաղխորհրդի նիստից հետո հանդես կգան հայտարարությամբ։

Նույն խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ որոշումն ընդունվելու է բոլորի կարծիքները լսելուց հետո։ Նա ասաց, որ իրենք ի սկզբանե դեմ չեն եղել հանրաքվեի գաղափարին, բայց դրան հասնելու համար իրավական ճանապարհ կար, որը պետք է անցնեին անթերի․

«Չէինք կարող խուսափել Սահմանադրությունից, թե ոնց պետք է հարցը դրվի ԱԺ-ում քննարկման։ Այն նախագիծը, որին դեմ ենք քվեարկել, պետք է գնար ՍԴ։ Բայց մենք էլ ենք գտնում, որ ՍԴ ուղարկել փաստաթուղթ, որը վերաբերում է ՍԴ 7 անդամներին, խնդիր կա։ Դրա համար ասել էինք՝ մնանք դահլիճում 24 ժամ դուրս չգանք, մտածենք՝ ինչպես ենք այդ իրավական խնդիրը լուծում։ Իրավական թնջուկը կար, մենք ասում էինք՝ հաղթահարենք»,- ասաց Մելքումյանը եւ հարց հնչեցրեց՝ ինչն էր խանգարում լսել նաեւ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը․

«Ինչ կլիներ՝ մի երկու շաբաթ էլ այդ փորձագիտական կառույցի տեսակետը ունենայինք, չենք ասում՝ իմպերատիվ կարծիք է, բայց ԵԽ խորհրդատվական մարմնի տեսակետ է։ Ամեն դեպքում, մենք իրավական խնդիրներ էինք տեսնում, դրա համար չենք մասնակցել հանրաքվեի դնելու հարցի քվեարկությանը»։