Search
Close this search box.

ՀՅԴ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետեւելով բազմաթիվ հորդորների եւ զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:

Շահարկելով եւ ձեւախեղելով անմիջական ժողովրդավարության կարեւոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջեւ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը:

Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձեւավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը:

Ըստ այդմ.

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլեւս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին եւ իրական ժողովրդավարությանը:

Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը եւ, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»: