Search
Close this search box.

Բանակում այս տարվա հունվարի մեկից գրանցվել է 10 զոհ և 5 վիրավոր. զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով

Այսօր՝ փետրվարի 12-ին, հաղորդագրություն տարածվեց Արցախում 2 զինծառայողի մահվան մասին: Նշված երկու դեպքը ներառյալ՝ այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 10 զոհ և 5 վիրավոր: Ընդ որում, 10 զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են կամ հիվանդության հետևանքով (2 դեպք), կամ դժբախտ պատահարի հետևանքով (4 դեպք), կամ ինքնասպանություն է գրանցվել (1 դեպք), կամ էլ՝ դեռևս չպարզված հանգամանքներում (3 դեպք):

Ստորև ներկայացվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցված մահերի ժամանակագրությունը.

Հենց տարեսկզբին՝ հունվարի 1-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել էր 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը:

5 օր անց՝ հունվարի 6-ին արդեն ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն հատկացված հրազենից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Որոշակի դադարից հետո՝ հունվարի 21-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Հունվարի 30-ին հաղորդագրություն տարածվեց, որ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնի զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Փետրվարի 7-ին ՀՀ Սյունիքի մարզում զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ էին մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր ձնահյուսի տակ մնացած 3 պայմանագրային զինծառայողի՝ շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի դիերը: Փրկարարներին հաջողվել էր ձնահյուսից դուրս բերել պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին:

Փետրվարի 9-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ էր եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը:

Իսկ այսօր՝ փետրվարի 12-ին ՊԲ տարբեր՝ հարավային և հարավ-արևելյան ուղղություններով տեղակայված զորամասերում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էին ստացել զինծառայողներ, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը և 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019 թվականի ընթացքում արձանագրվել էր 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա: 49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

2020 թ.-ին 10 զոհերից բացի, գրանցվել է նաև 5 վիրավորման դեպք, որոնց հետևանքով 3 զինծառայողի վիճակը գնահատվել է ծանր:

Մասնավորապես, հունվարի 15-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը: Նրա առողջական վիճակը գնահատվել էր ծանր:

Հունվարի 24-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվել էր ծանր:

Հունվարի 28-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը նույնպես գնահատվել էր ծանր:

Փետրվարի 3-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:
tert.am