Search
Close this search box.

Մարգարիտա Սիմոնյանի այլանդակ գրառումը

Ռուսական պաշտոնական պրոպագանդայի հայկական ազգանունով ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարհանման առնչությամբ, որ իրականացրել է Ռուսաստանը: Տարհանման ամբողջ պատմության մեջ Մարգարիտային «զարմացրել» է մի բան, որը թերեւս մարդկային տեսանկյունից պետք է որ լիներ ամենահասկանալիներից մեկն ու չառաջացներ որեւէ զարմանք:

Այսպես, նրան «զարմացրել» է, որ Ռուսաստանի տարհանած մարդկանց շրջանում եղել է 16 մարդ, որն ըստ Մարգարիտայի՝ «կոպիտ ասած, մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ: Ինչ բալասան է մեր սրտի համար: Այսինքն` այս մարդիկ գնացել են իրենց երկրների դեսպանատներ` փրկվելու, իսկ նրանց ասել են. «Ինչ է, ձեռ եք առնո՞ւմ: Մենք ինչպե՞ս պետք է ձեզ տարհանենք: Գնացեք ռուսների մոտ` հին ավանդույթի համաձայն, նրանք բոլորին փրկում են»- գրել է Սիմոնյանը եւ ավելացրել՝ «Ընթանում էր փառահեղ անկախության 30-րդ տարին»:

Մարգարիտա Սիմոնյանը հեգնում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի անկախությունը: Ընդ որում, հեգնում է մի առիթով, որը երեւի թե որեւէ ողջախոհ արարածի մոտ որեւէ պետության անկախության հանդեպ հեգնանքի փոխարեն, պետք է առաջացներ մարդասիրական զգացում ու թերեւս նաեւ հպարտություն Ռուսաստանի նկատմամբ՝ որ կարողացել է մարդասիրական ծառայություն մատուցել պետությունների, որոնք, ի դեպ, համարվում են դաշնակիցներ եւ ՌԴ հետ միասին նույն տնտեսական ու ռազմական բլոկներում են:

Բայց Մարգարիտա Սիմոնյանի մոտ կորոնավիրուսից մարդկանց փրկելն առաջացնում է փաստորեն այլ զգացումներ: Դժվար է ասել՝ պաշտոնական պրոպագանդայի «մահապարտները» Ռուսաստանում օժտվա՞ծ են ազատ զգացմունքայնության իրավունքով, թե ոչ, բայց որ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը մեղմ ասած հարցեր է առաջացնում նրա մարդկային մի շարք հատկանիշներով օժտվածության առնչությամբ, թերեւս հաստատ:

Ավելորդ է գուցե բացատրել, որ համաճարակի պայմաններում լայն տարհանման գործընթացը անշուշտ մեծ հնարավորությունների հարց է: Եվ այդ առումով, միանգամայն բնական ու բանական է, որ կարող են լինել ռացիոնալ որոշումներ, երբ մի անկախ պետությունը կարող է մեկ այլ պետության դիմել՝ հնարավորությունները ռացիոնալ օգտագործելու համար: Ի վերջո, այդօրինակ փոխօգնությունն անկախ պետությունների միջեւ գործակցության բնականոն ընթացքի մաս է, հաճախ երբ նրանք նույնիսկ գտնվում են ոչ թե միասնական տնտեսական կամ անվտանգային տարածքում, այլ անգամ հակադրության մեջ:

Միեւնույն ժամանակ, Սիմոնյանի գրառումից միանգամայն պարզ է, թե Ռուսաստանը ղեկավարող նրա անմիջական հրամանատարներն ինչու չեն կարողանում որեւէ կերպ գտնել իրական դաշնակից պետություններ ու հանրություններ, որոնք Ռուսաստանի հետ դաշնակցում են խնդիրներ լուծելու եւ զարգանալու համար, ոչ թե ընդամենը ավելորդ խնդիրներ չունենալու տրամաբանությունից դրդված: