Search
Close this search box.

Հերթական ողբերգական դեպքը բանակում

Հայկական բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական բոթը լսեցինք. ժամը 07:45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Պետրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորի հանկարծամահ լինելու մասով ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ») հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:

Իրավապահները տեղեկություններ ունեն, որ զինվորը դեպքից երկու օր առաջ դիմել է զորամասի բուժկետ եւ հայտնել, որ իրեն լավ չի զգում, սակայն զորամասի բուժկետում հերքում են այդ տեղեկությունները, եւ անգամ զորամասի գրանցամատյանում չկա որեւէ գրառում, որ զինվորը դիմել է բուժկետ:

Ավելին, իրավապահները պարզել են, որ զորակոչվելիս զինվորը որեւէ սահմանափակում չի ունեցել, ասել է թե՝ առողջական որեւէ խնդիր չի ունեցել՝ ըստ պաշտոնական բժշկական եզրակացության: Այսինքն՝ պաշտոնապես առողջ երիտասարդը բանակում խնդիր է ունեցել, դիմել է բուժկետ, անուշադրության է արժանացել ու հանկարծամահ եղել: Սա ենթադրում է կոնկրետ պատասխանատուների պատասխանատվություն՝ ամենախիստ ձեւով: Անտարբերությունը քանդում է ամեն ինչ:

Պաշտոնական թվեր

2020 թ.-ի հունվարին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն որակված, 1-ը՝ առողջական խնդիրների, եւ 1-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով: Նույն ժամանակահատվածում գրանցվել է 8 զինծառայողի վիրավորում ստանալու դեպք, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ 2 դեպք, ավտովթարի 3 դեպք, սպանության փորձի 2 եւ ինքնասպանության փորձի 1 դեպք: Ընդ որում, մահացության 4 դեպքերից 2-ը եւ վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցելոչ մարտական պայմաններում հրազենի կիրառմամբ:

Հերթական ողբերգական դեպքը արձանագրվեց 2020 թվականի փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում` ՀՀ ՊՆ N զորամասում տեղակայված հերթափոխի ժամանակ, երեք զինծառայողներ Կարապետ Նազարյանը, Տիգրան Արզումանյանը, Նվեր Շահբազյանը ձնահյուսքի տակ մնացին եւ մահացան:Մահվան դեպքի առթիվ եւ Համլետ Միրզոյանի տուժելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասի՝(«Պետի կամ պաշտոնյայի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, ինչը հանգեցնում էլուրջ հետեւանքների») հատկանիշներով:

Մեկ օր անց՝ հերթական դեպքը

Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, եւ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասի («Պետի կամ պաշտոնյայի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, ինչը հանգեցնում է լուրջ հետեւանքների») հատկանիշներով:

Ի դեպ, սա այս տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում 8-րդ մահվան դեպքն է, եւ զինվորները չեն մահացել հակառակորդի կրակոցից, այլ տարբեր հանգամանքներում են մահացել: Ինչեւէ, բանակում տիրող իրավիճակի մասով դիմեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ինչին ի պատասխան՝վերջինս հայտնեց՝քննություն է ընթանում, այլ բան հայտնել չի կարող:

Ի՞նչ իրավիճակ է նախարարությունում

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝բանակում տեղի ունեցած դեպքերից հետոպաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխնախարարներից մեկին հանձնարարել է ստուգայցեր կատարել, ստուգել բոլորկետերը: Փոխնախարարը հայտնել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբից կա մեկ անձ, որի հետ պատրաստ են գնալ ստուգայցերի. եթե այդ անձից բացի այլ մարդ ԳՇ-ն տրամադրի, ապա չեն գնա: Ասել է թե՝ նախարարության եւ ԶՈՒ-ի հակամարտությունը շարունակվում է, եւ նախարարության աշխատակիցները ու ԳՇ աշխատակիցներից ոչ բոլորիհետ են պատրաստ աշխատանք իրականացնել:

Ինչեւէ, մեզ հայտնի դարձավ, որ ԳՇ-ից այնպիսի պաշտոնատար անձի են կցել, որ ՊՆ փոխնախարարը համաձայնել է, եւ ստուգումները սկսվել են: Իսկ թե ինչով կավարտվի այս ներքին տարաձայնությունը, ցույց կտա ժամանակը:
armlur.am