Search
Close this search box.

Ստամբուլյան կոնվենցիայի առեղծվածը կամ կոնվենցիայի բացահատված սպառնալիքը

Դեռևս 1993 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել են մի շարք կոնվենցիաներ, այդ թվում՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին», «Խոշտանգուների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» և այլ կոնվենցիաներ, որից հետո ընդունվել են ներպետական իրավական ակտեր, մասնավորապես՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին», «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքները։ Նշյալ իրավական ակտերը ինքնանպատակ չեն ընդունվել և նպատակ են հետապնդել կարգավորելու այն բոլոր իրավահարաբերությունները, որոնք առաջացել են վերոնշյալ շրջանակներում։ Ի՞նչ տեղի ունեցավ կամ ինչո՞վ իշխանական որոշ խմբերի համար հավանության չարժանացան արդեն իսկ իրավական համակարգ ներդրված և վավերացված կոնվենցիաները և դրանցից բխող օրենքները, որ առաջացավ նոր կոնվենցիայի՝ մեր հանրային կյանք «ինտեգրման» անհրաժեշտությունը։ Ո՞րն է նոր «հիբրիդացված» կոնվենցիայի ներդրման պատճառը նոր Հայաստանում։ Հարցերն իհարկե ինքնին հետաքրքրություն են առաջացնում և խորը ուսումնասիրության կարիք առաջացնում։

Այսպես, մեր օրերում բազմաթիվ քննարկումների և անգամ բանավեճերի առիթ է դարձել, այսպես կոչված, «Ստամբուլյան» կոնվենցիան, որն, ըստ էության, բովանդակային առումով նույնանում է վերևում հիշատակված կոնվենցիաների հետ։ Առաջին հայացքից անմեղ թվացող դրույթները կարծես թե քարոզում են Մարդու իրավունքների անօտարելի և անքակտելի իրավունքները, սակայն դա՝ միայն առաջին հայացքից։ Մասնագիտական վերլուծություն իրականացնելուց հետո պարզ է դառնում Ստամբուլյան կոնվենցիայում տեղ գտած և տողատակերում թաքնված բուն իմաստը։ Որպես մեկնաբանության նախաբան ի սկզբանե նշենք, որ կոնվենցիայում օգտագործվում են տերմիններ, օրինակ՝ «զուգընկեր» եզրույթը, որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ․ ո՞րն է պատճառը, որ շրջանառվում են նմանօրինակ տերմիններ՝ արդեն իսկ պարզ է դառնում։ Նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում նշվում է, որ մասնակից պետությունները պետք է «զոհերի իրավունքների պաշտպանություն ապահովեն առանց խտրականության, այդ թվում՝ անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից»։ Կարծում եմ՝ այդ դրույթը առհասարակ մեկնաբանության կարիք չունի․ պարզապես հիշեցնեմ, որ եթե անգամ Սահմանադրությամբ որևէ հստակ ամրագրում կամ կարգավորում տեղ գտած չլինի, ապա բավարար է սահմանված սահմանադրական նորմը /հոդված 5/, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը», այսինքն՝ եթե միջազգային պայմանագրերում կան նորմեր, որոնք հակասում են մեր Սահմանադրությանը, ապա վավերացման դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը, իսկ սա նշանակում է, որ միջազգային իրավանորմը վավերացնելուց հետո պարտավոր ենք կյանքի կոչել և սրբորեն կատարել դրա պահանջները։

Վերջապես, Կոնվենցիայի 60-րդ հոդվածում ասվում է, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ ապաստան հայցողների գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընթացակարգերի ընդունման ուղղությամբ, այդ թվում՝ փախստականի կարգավիճակ տալու խնդրի լուծման, ինչը ենթադրում է, որ կոնվենցիայի ընդունումը հնարավորություն կընձեռնի, որպեսզի արտերկրից հարյուրավոր նույնասեռական կամ տրանսգենդեր զույգեր կարող են՝ որպես, այսպես կոչված, զուգընկերներ Հայաստան գալ և գենդերային բաղադրիչի հիման վրա փախստականի կարգավիճակ ստանալ։ Մնացած ենթադրությունները և դրանից բխող հետևանքները թողնում եմ ընթերցողի դատին։ Ուշագրավ է այն փաստը, որ ԵԽ անդամ 47 երկրներից Ստամբուլյան կոնվենցիան չեն ստորագրել Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ չեն վավերացրել 11 երկրներ՝ Չեխիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Մոլդովան, Ուկրաինան և այլն: Միգուցե նոր Հայաստանն նոր «մշակո՞ւյթ» է հրամցնում՝ նոր սեռերով պայմանավորված, «նորացված» իրավունքներով և ազատություններով, որոնք հակադրվում են անգամ բնությամբ տրված բանական կոնցեպցիաներին։ Եթե սա է նոր Հայաստանի իրավունքների և ազատությունների ռեֆորմացիան, ապա մնում է մի բան՝ խորհել աղավաղված իրավունքի և խեղված ազատության մասին։

Լիլիթ Սիլանյան
Իրավաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ