Search
Close this search box.

Ավելի քան 2 000 մարդ բուժվել է կորոնավիրուսից. լրատվամիջոցներ

Ավելի քան 2 000 մարդ բուժվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսից, հայտնում է gazeta.ru-ն՝ չինական աղբյուրներին հղումով:

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 2063 մարդ: Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց թիվը հասել է 724-ի, մինչդեռ վարակակիրները 34 858-ն են:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Չինաստանին ֆինանսապես օգնել կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարի հարցում:

Ինչպես նշվում է Պետքարտուղարության կայքում, ԱՄՆ-ն կարող է Պեկինին 100 մլն դոլար հատկացնել:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: