Search
Close this search box.

ՖՈՏՈ. Չինաստանում պատահմամբ հրապարակել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների իրական թիվը

Չինական Tencent ներդրումային հոլդինգային ընկերությունը պատահմամբ հրապարակել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների և վարակման հետևանքով մահացածների իրական թվերը, որոնք զգալիորեն տարբերվում են պաշտոնական տվյալներից: Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, կոնգլոմերատը թարմացրել է տվյալները և նշված թվերն ապշեցրել են օգտատերերին: Պարզվել է, որ վարակվածների թիվը կազմում է 154 հազար, իսկ մահացել է արդեն 24,5 հազար մարդ: Նշված տվյալները շուրջ 80 անգամ գերազանցում են պաշտոնական վիճակագրությամբ ներկայացված թվերը:

Ընկերությունը շատ արագ ուղղել է սխալը և նոր տեղեկությունն անմիջապես ջնջվել է, սակայն հարկ է նշել, որ ընկերությանը մինչ այդ էլ բազմիցս մեղադրել են մահացու վիրուսի տարածման վերաբերյալ իրական տվյալները թաքցնելու համար: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ըստ չինական իշխանությունների՝ մահացել է 636, վարակվել’ 31 161 մարդ, իսկ հիվանդանոցից դուրս է գրվել 1540 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: