Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի վերջին քայլը. առջևում անխուսափելին է

ՍԴ խնդրի հանգուցալուծման հանրաքվեի որոշումից, խորհրդարանի նիստում կոշտ հռետորաբանությամբ ելույթից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթի համազգային կոնսենսուսի այն վեց կետերը, որոնց վրա առաջարկում էր կառուցել այդ կոնսենսուսը:

Այդ հանգամանքը առավել հետաքրքիր էր այն կոշտ, այսպես ասած առանց կոնսենսուսային շեշտադրումների ելույթի ֆոնին, որ ունեցավ վարչապետը խորհրդարանում, փաստորեն հայտարարելով «հետաձգված հեղափոխության» մասին: Անկասկած է, որ ՍԴ հարցի լուծումը գործնականում որեւէ կապ չունի իրավագիտության հետ: Նիկոլ Փաշինյանի ելույթը դրա պարզ արձանագրումն էր: Փաշինյանը հանրությանը կոչ արեց մասնակցել հանրաքվեին ու ՍԴ կազմի փոփոխությանն ասել «այո»:

Վարչապետի կոշտ հռետորաբանությունն առերեւույթ հակադրության մեջ է կոնսենսուսային տեքստին, որ հիշեցրել էր Փաշինյանը 6 ամիս անց: Ըստ ամենայնի, 6 ամիսների ընթացքում չի եղել կոնսենսուսի գաղափարին ու առաջարկին համարժեք արձագանք այն ուժերից, որոնց էլ Փաշինյանը փաստորեն հիշեցրեց առաջարկը փետրվարի 6-ին, իսկ փետրվարի 7-ին էլ հղեց կոշտ հռետորաբանությունը, թերեւս ակնարկելով, որ կոնսենսուսի առաջարկը թուլության նշան չէ:

Կլինի՞ մեծ կոնսենսուս: Հայաստանի պարագայում այն գործնականում անխուսափելի է: Հարցն այն է, թե ինչ դիրքում, ինչ պայմանների շուրջ, ուժերի ինչ հարաբերակցությամբ է այն լինելու, եւ թելադրելու է Փաշինյա՞նը՝ հեղափոխության առաջնորդի դիրքից, թե՞ այդ հեղափոխության թիրախում հայտնված ուժերը: Ակնառու է, որ ՍԴ խնդրի լուծմամբ, առավել եւս հանրաքվեի միջոցով, վարչապետ Փաշինյանն անում է կոնսենսուսի պահին առավել ուժեղ դիրքից մոտենալու հերթական քայլը:

Իսկ այդ պահը մոտենում է: Անկախ երեք տասնամյակում կուտակված ու գեներացված զգայական խառնածին մթնոլորտից, Հայաստանը չունի դրան այլընտրանք, որովհետեւ ունի ահռելի խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել համահայկական կարողությունների ներգրավումով:

Հայաստանի շուրջ աշխարհը փոխվում է շատ արագ, իսկ ժամանակ մնում է ոչ այնքան շատ: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի առաջ է նաեւ մի գլխավոր խնդիր՝ կոնսենսուսի անարյուն, ոչ բռնի ճանապարհի պահպանությունը, ինչը Հայաստանի ուժն է համաշխարհային նոր իրողություններում, նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ գործընթացում: Հայաստանի դերն այդ գործում նշանակալի է, եւ այստեղ Հայաստանը կամ իր ուժով կգա դերի առավելագույն արդյունավետությամբ ու պատասխանատվությամբ իրացմանը, կամ Հայաստանին կբերեն այդ վիճակին, եւ այդ դեպքում բարդ է կանխատեսել, թե ինչ ճանապարհով:

Ընդ որում, այդ հանգամանքը պետք է գիտակցեն հայաստանյան բոլոր ուժերը, որովհետեւ Հայաստանը անցել է այն գիծը, որտեղ շահող կամ պարտվող չի լինելու: Շահելու կամ պարտվելու են բոլորը, Հայաստանում իշխանության հարց չէ, Հայաստանում պետության հարց է:
lragir.am