Search
Close this search box.

Ռուսաստանը Չինաստանից տարհանում է Հայաստանի քաղաքացիներին. դեսպան

Ռուսաստանը Չինաստանի Հուբեյ նահանգից տարհանում է ոչ միայն իր, այլ նաև ԱՊՀ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովին։ Դեսպանը տեղեկացրել է, որ ԱՊՀ երկրների ոչ բոլոր քաղաքացիներին են տարհանում։

Քաղաքացիներին տարհանելու համար երեքշաբթի` հունվարի 4–ին, Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի երկու ինքնաթիռներ թռել են Չինաստան։ Ինքնաթիռում եղել են ռազմական բժիշկներ և Ռուսաստանի ՊՆ մասնագետներ` ախտորոշման, անհատական պաշտպանության ժամանակակից միջոցներով, ինչպես նաև անհրաժեշտ դեղամիջոցներով։

Տարհանման համար օդատիեզերական ուժերի ինքնաթիռները ներգրավելու մասին հրաման է տվել նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի երկու քաղաքացիներին տարհանել էին Չինաստանից։

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 հազար 438–ի, մահացել է 425 մարդ։ Մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարվել էր 17 205 հիվանդի և 361 մահացածի մասին։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք ՌԴ–ն մեր երկրին տրամադրել է անվճար։ Թեստը ստանալուց հետո Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի վեց հետազոտություն. փետրվարի 4-ի դրությամբ երկրում վարակի դեպք չի գրանցվել։