Search
Close this search box.

ԿԳՄՍ փոխնախարարին կանչել են հարցաքննության

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս հարցաքննության է հրավիրվել իր բնակարանի գողության գործով: Ինչպես հայտնի է, հունվարի 24-ին գողության դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։ Եվ փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

«Ժողովուրդ» օրաթերթն այն ժամանակ փորձել էր մեկնաբանություն ստանալ Անափիոսյանից, սակայն վերջինս տեղի ունեցածը խիստ անձնական էր համարել և հայտարարել, թե այդ ամենով զբաղվում են ոստիկանները: Եվ, ահա, վերջիններս տեղի ունեցածին ընթացք են տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: