Search
Close this search box.

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանին հորդորել են դիմո՞ւմ գրել

«Փաստ» թերթը գրում է. «ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները հետևողականորեն շարունակվում են:

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու և «բացատրական զրույցներ» ունենալու համար:

Մեր աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև:

Ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել և օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, և հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ-ից և զանգահարեցինք ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին:

Վերջինս միայն ասաց. «Նման որևէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: