Search
Close this search box.

«Մի՛ արա, տղա ջան». Գայի պողոտայի շենքերից մեկում 25-ամյա տղան սպանել է ուսուցչուհի մորը

1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Հակոբ Խ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Հակոբին մեղսագրված էր դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի ապրիլի 1-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում շտապօգնության անձնակազմը ահազանգով ժամանելով Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկը՝ հայտնաբերել է տվյալ բնակարանի բնակչուհու դանակահարված դին:

Նույն օրը ոստիկանություն բերման է ենթարկվել սպանված կնոջ որդին՝ Հակոբը:

Մինչև դեպքը Հակոբ Խ.-ն հաշվառված չէր հոգեբուժական կլինիկայում կամ հոգեկան առողջության կենտրոնում:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց սկզբում ընտրվել է կալանավորումը, սակայն մի քանի օր անց՝ ապրիլի 12-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան՝ Հակոբ Խ.-ի նկատմամբ դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն նշանակելու և Հակոբ Խ.-ին հոգեբուժական կլինիկայի ստացիոնար հոգեբուժական բաժանմունքում տեղավորելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Հակոբ Խ.-ի դպրոցական եղբայրը հայտնել է, որ դեպքի վայր բնակարանում բնակվել է հոր, մոր, ավագ եղբոր ու տատիկի հետ: Մայրն ուսուցչուհի էր: Եղբայրը՝ Հակոբը, սովորել է պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ապա ընդունվել է Ամերիկյան համալսարանի մագիստրատուրա: Նա համալսարանական ծրագրով 2018 թվականի մայիսին մեկնել է ԱՄՆ, վերադարձել է մի քանի ամիս անց՝ 2018 թվականի սեպտեմբերին, դրանից հետո այլևս դասերի չի գնացել ու դուրս է մնացել Ամերիկյան համալսարանից:

Ըստ վկայի՝ Հակոբն ԱՄՆ-ից վերադառնալուց հետո տարօրինակ վարքագիծ ուներ, ամբողջ օրը տանից դուրս չէր գալիս, անընդհատ ասում էր, թե մարդիկ իր դեմ են ու իրեն հետապնդում են…

Դեպքի օրվա կեսօրին վկան դպրոցից տուն է եկել: Հակոբը այդ ժամանակ ննջասենյակում պառկած ծխում էր: Իրեն հարցրել է՝ ծխախոտ բերե՞լ է, ինքը պատասխանել է՝ հա, ու նրան է տվել «Ախթամարի» տուփը:

Վկան այնուհետև գնացել է պարապմունքի, տուն է վերադարձել ժամը 19-ի սահմաններում, եղբորը՝ Հակոբին տեսել է խոհանոցի պատուհանից դուրս նայելիս:

Մի քանի րոպե հետո աշխատանքից տուն է եկել իրենց մայրը, հանել էվերարկուն, կոշիկները, գնացել է խոհանոց, որտեղ գտնվում էր Հակոբը:

Վկան լսել է մոր ձայնը, որ Հակոբին ասում էր. «Հաց դնեմ ուտես»: Հակոբի պատասխանը չի լսվել: Մի րոպե հետո լսվել է մոր գոռոցը. «Մի՛ արա, տղա ջան»: Հետո մայրը շարունակել է գոռալ:

Վկան դուրս է եկել իր սենյակից, միջանցքում տեսել է Հակոբին, որ արագ քայլերով դուրս էր գալիս բնակարանից: Վկան խոհանոցի միջնամասում տեսել է մորը՝ կիսակռացած վիճակում, ձախ ձեռքը՝ աջ թևի տակ: Մայրը մի երկու քայլ է արել, հենվել է թախտին ու մեջքի վրա ընկել է հատակին: Տղան մոր ձեռքը հետ է քաշել ու տեսել է, որ մոր թևի տակից արյուն է հոսում: Սրբիչ է դրել վերքին, գոռացել է՝ մամ, բայց մայրը չի արձագանքել: Մոր հեռախոսով զանգել է հորը, որն այդ պահին մոտակա խանութում էր, ասել է՝ Հակոբը մամային դանակով խփել ա: Հինգ րոպե անց հայրն ու հորեղբայրը տուն են եկել, փորձել են օգնություն ցույց տալ հատակին ընկած մորը:

Վկան միջանցքի հատակին՝ մուտքի դռան դիմաց, տեսել է իրենց խոհանոցային դանակը, տարել է խոհանոց: Հայրը զանգել է շտապօգնություն: Ահազանգով եկած բժիշկն ասել է, որ մայրը մահացել է…

Վկան նշել է, որ խոհանոցում գտնվելու մի քանի րոպեի ընթացքում՝ մինչև դեպքը, մոր ու Հակոբի միջև վիճաբանություն չի եղել, Հակոբի հետ ընդհանրապես ոչ ոք չի վիճաբանել:

Դեպքից առաջ հայրը պարբերաբար Հակոբին առաջարկում էր բժշկի գնալ, ստուգվել, բայց Հակոբն ասում էր, թե առողջ է:

Վկան հայտնել է նաև, որ դեպքից մի քանի օր առաջ՝ գիշերվա ժամը 2-ին, արթնացել է իրեն հասցված ապտակից: Տեսել է եղբորը, որն իրեն ասել է. «Սրանից հետո քեզ տոշնի կպահես»: Ինքը պահանջել է, որ նա գնա իր սենյակ, Հակոբն ասել է՝ մի բառ էլ խոսեցիր, կոկորդդ կկտրեմ, ու հեռացել է:

Նույն օրվա առավոտյան, երբ ինքը դեռ քնած էր՝ ժամը 11-ի սահմաններում, նորից արթնացել է ապտակից: Տեսել է Հակոբին, որն իրեն ասել է. «Քեզ խելոք պահի», ինչից հետո երկու անգամ բռունցքով հարվածել է իր գլխին: Ինքը ոտքով նրան հրել է, նա մի քանի անգամ էլ է հարվածել իր գլխին ու գնացել է խոհանոց՝ սուրճ պատրաստելու…

Սպանված կնոջ ամուսինը՝ Հակոբ Խ.-ի հայրը, հայտնել է, որ տուժողի հետ ամուսնացել է 1993 թվականին, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 3 երեխա՝ Հակոբը, միջնեկ դուստրը, որ 3 տարեկանում այրվածքներից մահացել է, և կրտսեր որդին, որ դպրոցական է:

Հակոբը վերջին շրջանում՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, տարօրինակ է պահել իրեն, ասել է, թե հետևից են ընկել, ուզում են գլխին սարքեն: Նա տանից դուրս չի եկել, չափից դուրս շատ է ծխել: Ինքն ու կինը պարբերաբար խնդրում էին, որ նրան տանեն բժշկի, բայց նա չէր համաձայնում, ասում էր, թե առողջ է: Մեկ անգամ՝ ԱՄՆ-ից վերադառնալու ամսին, նրան տարել են «Արթմեդ», նրան զննել ու դեղահաբեր են նշանակել, բայց Հակոբը հրաժարվել է այդ դեղերը խմելուց ու դրանից հետո՝ բժշկի գնալուց:

Վկան ասել է, թե կինը ընտանիքին նվիրված կին էր, նա «աչքի լույսի պես» էր Հակոբին խնամում, նրա հետ երբևէ չէր վիճում…

Հարևանները հայտնել են, որ Հակոբը դեպքից օրեր առաջ թակել է վերևի հարևանի դուռը ու բողոքել է, թե նրանք աղմկում են այն ժամանակ, երբ այդ բնակարանում մարդ չի եղել…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Հակոբ Խ.-ն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում տառապում է շիզոֆրենիա, պարանոիդ ձև հիվանդությամբ:

Հակոբ Խ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ նա սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Դատարանը Հակոբ Խ.-ին ազատել է պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունքում: