Search
Close this search box.

Արմավիրում 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին և նրա անչափահաս դուստրը, Արմավիրի մարզի՝ 1956թ. ծնված բնակչի թույլտվությամբ, անվարձահատույց բնակվել են նրա տանը, իսկ վերջինս տեղափոխվել է այլ բնակության վայր: Ձևավորված մտերմությունից ելնելով՝ անչափահաս աղջիկը, մոր գիտությամբ, վերջինիս բացակայության ժամանակ հաճախակի մնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայրում, որտեղ 2017թ. դեկտեմբերի վերջից մինչև 2018թ. մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով 12 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակից՝ 63-ամյա տղամարդը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ՝ սպառնալով տնից վռնդել՝ նշված գործողությունների մասին որևէ մեկին հայտնելու դեպքում:

Բացի այդ, 2018թ. մարտի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս աղջիկը իր՝ 2008թ. ծնված ընկերուհու հետ, ջուր վերցնելու նպատակով, գնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայր, որտեղ վերջինս անառակաբարո գործողություններ է կատարել 2008թ. ծնված անչափահասի նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 63-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: