Search
Close this search box.

Սևանա լճում դի չի հայտնաբերվել

Լրատվամիջոցներում տարածված նյութը, թե մեկ շաբաթ առաջ Սևանում դի է հայտնաբերվել, չի համապատասխանում իրականությանը:
Տեղեկությունը հերքել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտնաբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- գրել է Հարությունյանը:

Լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված հրապարակումներում նշվում էր, որ Սևանա լճում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին:

ՀՀ քննչական կոմիտեն 2019 թվականի հոկտեմբերի 4-ին տարածել էր հաղորդագրություն, առ այն, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել են 1946 թվականին ծնված Հրազդան քաղաքի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում:

Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: