Search
Close this search box.

Շաբաթ-կիրակիները Հռոմում և Միլանում անցկացնենք, իսկ վարկերն ու կոմունալները թող սպասեն

Չարաբաստիկ գրիչի թեման անուշադրության մատնեց Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած մեկ այլ ուշագրավ հայտարարություն: Ըստ Փաշինյանի, պարզվում է, որ Հայաստանի քաղաքացիները շաբաթ–կիրակիները Հռոմում, Միլանում անցկացնելու պրակտիկա են ձեռք բերում։

Մնում է կռահել, թե Փաշինյանը որ երկրի քաղաքացիներին նկատի ուներ կամ եթե ՀՀ քաղաքացիների մասին է խոսում, ապա կոնկրետ ո՞ւմ կամ ո՞ր ընտանիքներին նկատի ունի:

Ո՞վ կարող է իրեն թույլ տալ շաբաթ-կիրակիներն անցկացնել Իտալիայում: Գուցե այն մեծ բանակը, որ բանկային վարկերն է մարում եւ մտածում կոմունալները վճարելու մասին, թե՞ նրանք, ովքեր 45 հազար դրամ կենսաթոշակ են ստանում:

Գուցե Փաշինյանին համոզել են, որ առավոտից ուշ երեկո խանութներում եւ սուպերմարկետներում ոտքի վրա աշխատող ու 3 հազար դրամ ստացողներն են շաբաթ-կիրակիներն անցկացնում Հռոմում կամ Միլանում:

Իսկ գուցե եւ գյուղացիներն են մեկնում Միլան. թքած ունենալով, որ սերմացուի համար գումար չունեն կամ որ գյուղի խանութին պարտքեր ունեն:

Գուցե բժիշկներն ու ուսուցիչներն են մեկնում Միլան կամ Հռոմ, քանի որ ահռելի աշխատավարձեր են ստանում:

Գրիչից շատ ավելի կարեւոր է հենց այս հայտարարությունը, քանի որ առողջ հասարակությունը վարչապետից պետք է պարզաբան պահանջի, թե ովքե՞ր են սիրում շաբաթ-կիրակիներն անցկացնել Հռոմում, քանի որ Հռոմ կամ Միլան հասնելը եւ վերադառնալը չի ենթադրում միայն էժան՝ 50 կամ 100 եվրոյով ավիատոմս գնել:

Ի վերջո գիշերը ասֆալտին չեն ծեփվելու քնեն: Գոնե ամենաէժան հյուրանոց պետք է փնտրեն եւ գտնեն, իսկ մեկ գիշերը Հռոմում կամ Միլանում 1000 կամ անգամ 10 հազար դրամ չէ: Ի վերջո շաբաթ-կիրակին Հռոմում եւ Միլանում անցկացնողները բաստուրմա եւ լավաշ չեն տանում կամ խաշած հավ: Հռոմում եւ Միլանում սնվելու խնդիր եւս առաջանալու է:

Չմոռանանք նաեւ, որ Հռոմի կամ Միլանի օդանավակայանից քաղաք հասնելն ու օդանավակայան վերադառնալն այնքան էլ էժան հաճույք չէ: Բնականաբար հասարակությունը Փաշինյանից ցանկանում է իմանալ, թե ովքե՞ր են շաբաթ-կիրակիները Հռոմում կամ Միլանում անցկացնողները:

Հիմա հարցի մյուս կողմը. քաջատեղյակ լինել, որ հանրության ճնշող մեծամասնությունը, բառիս բուն իմաստով, ամենօրյա պայքար է մղում օրվա հացի համար գումար վաստակելու, կոմունալ վարձավճարները, վարկերը, երեխաների ուսվարձերը վճարելու համար եւ անգամ ամիսը մեկ չի կարողանում Երեւանից դուրս գալ եւ անգամ Աղվերան կամ Սեւան, Դիլիջան կամ Իջեւան, Տաթեւ կամ Գորիս գնալ, եւ անել նման հայտարարություն, առնվազն ցինիզմ է:

Ովքե՞ր են այդ բազմաթիվ քաղաքացիները, որոնք Հռոմ կամ Միլան են մեկնում սուրճ խմելու համար, եւ որ ամենակարեւորն է հանրության քանի՞ տոկոսն են կազմում:

Top-News.am