Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը արձագանքել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանության մասին․ «Կան փաստեր, որոնք աշխարհը ճանաչում է որպես ցեղասպանություն: Այն, ինչ փորձում է անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ոչ այլ ինչ է, քան սեփական ցեղասպանությունը թաքցնելու փորձ»․- ասել է նա։
Ֆիդանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսրայելի անձեռնմխելիության պատրանքը վերացել է: «Պաղեստինի հարցը և վերջին երկու տարիների ընթացքում Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը վերք է ոչ միայն մեր ժողովրդի, այլև բոլոր մուսուլմանների համար, դա ամբողջ աշխարհի ցավն է», — ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը շատ ավելի հեռու է գնում 1967 թվականին հաստատված սահմաններից՝ ձգտելով էքսպանսիայի և օկուպացիայի: «Սա ակնհայտ է», — ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Հաքան Ֆիդանը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Իսրայելին կանգնեցնելու ամենամեծ ճնշման հնարավորություններ ունեցող երկիրը Միացյալ Նահանգներն է, բայց նրանք դրանք բավարար չափով չեն օգտագործում։