Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբեմն մամուլում շրջանառվում է նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովայի անունը: Ընդ որում, այն շրջանառվում է բացառապես մեկ այլ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ փոխկապակցված: Գասպարյան Վովան կամ վերջինիս փաստաբանը հասարակությանը ժամանակ առ ժամանակ «հիշեցնում են», որ 2018-19 թթ. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Գասպարյան Վովայի չարաշահումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Վալերի Օսիպյանն էլ պարբերաբար հրապարակավ հերքում է Գասպարյան Վովայի «հիշեցումները»:
Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Գասպարյան Վովան: Ի՞նչ տարբերություն թե ով է «հաղորդում ներկայացրել» նրա դեմ: Ի վերջո, Գասպարյան Վովան ինչ-որ չարաշահում կատարե՞լ է, թե՞ չի կատարել: Դա է կարևորը և դա է հետաքրքրում հասարակությանը: Իսկ, թե ով է «հաղորդում» ներկայացրել, այլ հարց է: Սովորաբար` նման հարցը քրեական ենթամշակույթի ոլորտից է: Եվ այն տեղին է միայն այն դեպքում, եթե Գասպարյան Վովան գողական է դարձել:
Չեմ կարծում, որ հայ հասարակությունը քրեական ենթամշակույթի սիրահար է: Հետևաբար` հայ հասարակությանն ավելի շատ հետաքրքրում են այլ հարցեր: Օրինակ` ինչու՞ Գասպարյան Վովան Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնաց մոմ վառելու, իսկ Փաշինյան Նիկոլի հետ չգնաց:
Ինչևէ:
2013 թվականի ապրիլի 13-ին, դիմելով գյումրեցի պատգամավոր Գրիգորյան Մարտունին, Գասպարյան Վովան հեգնեց` «Դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական»:
Այժմ, առանց հեգնելու` պարոն Գասպարյան, Դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական:




