Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆաջոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կարևոր ուղղություններից մեկը սահմանազատումն ու պետական հանձնաժողովների գործունեությունն է։
«Պետական հանձնաժողովների միջև շփումները շարունակվում են, և այդ գործընթացը կշարունակվի առաջիկա ամիսներին: Այս հարցում Ադրբեջանը լավատեսորեն է տրամադրված: Մյուս հարցը երկրների միջև հաղորդակցության վերականգնումն է։
Կա նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության թեման։ Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման հարցում։ 2020 թվականին Հայաստանը ստանձնել է անարգել հաղորդակցություն ապահովելու պարտավորություն, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ հաղորդակցությունը պետք է անարգել լինի, որևէ խոչընդոտ չպետք է լինի»,- ասել է Բայրամովը։