«Կադրային փոփոխությունները, կարծում եմ, նորմալ է, որ պետք է տեղի ունենան, և դրանք ընթացքի մեջ են», — դեկտեմբերի 19-ի ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով իր ղեկավարած ոլորտում իրականացվող պաշտոնանկությունները։ Նա հայտնեց, որ նախարարության աշխատակազմի քարտուղարի հաստիքի համար մրցույթը տեղի է ունեցել, բայց դեռ նշանակումը չկա։ «Իսկ տեղակալներին ինչո՞ւ ազատեցիք» հարցին ի պատասխան Գալյանն ասաց․ «Կարծում եմ՝ դա իրավունքն է նախարարի՝ որոշել աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ»։
«Ամբակում Գրիգորյանին աշխատանքից ազատելը Ձե՞ր որոշումն է եղել» հարցին պատասխանելով՝ Գալյանը շեշտեց, որ նման հարցերին պատասխանելու կարիք չկա, այդ հարցերը պատճառաբանություն չեն ենթադրում։
Անդրադառնալով դիտարկմանը, ըստ որի՝ «Քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման դեպքեր կան», Գալյանն ասաց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում, և ինքը նախարարի պաշտոնը ստանալուց հետո դեռ չի այցելել քրեակատարողական հիմնարկներ։ Միանշանակ այցելելու եմ, որևէ մեկը չի ասում, որ այնտեղ խնդիրներ չկան և դրախտային պայմաններ են», — նշեց նախարարը։