Նախագահ Թրամփի որոշումը` լիկվիդացնել USAID-ն աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություն է

Նախագահ Թրամփի որոշումը` լիկվիդացնել USAID-ն աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություն է: Թեև դրա հետևում կանգնած է Իլոն Մասքը, բայց խնդիրը ռազմավարական է: Թրամփը անցում է կատարում ամերիկյան մեղմ ուժից` soft power, դեպի կոշտ ուժ` hard power. Պանամայի, Մեքսիկայի, Դանիայի, Կանադայի հետ դրվագները դրա վկայությունն են: Զիջելով մեղմ և կանխարգելիչ միջոցներով արդյնքների հասնելու դաշտը` Թրամփի վարչակազմն անցնում է կոշտ և հարկադիր մեթոդներով գործունեության: Միաժամանակ ներքին դաշտում փորձում է կոնսոլիդացնել սեփական ընտրազանգվածը` America First գաղափարախոսության շրջանակներում ֆինանսական խնայողությունները որպես հաղթաթուղթ օգտագործելով, ինչպես նաև ցույց տալով, որ «այլոց վրա» ամերիկյան դոլարներ այլևս չեն ծախսվելու:

Սա արդյունավետ մարտավարություն է, բայց ռազմավարական առումով մարտահրավերներ ունի: Ամերիկյան հետքի թողած բացը փորձելու է լրացնել Չինաստանը, որ մինչև հիմա էլ հսկայական աշխատանք է տարել` ֆինանսական ներդումներով աշխարհում մեծացնելու սեփական ազդեցությունը:

Թրամփի Ամերիկան չի դադարելու հզոր լինել: Փոխվելու են լծակները: Այդ լծակներն արդեն իսկ փոխվում են: Դրանք առավել ծանր, առավել կոշտ և առավել գործարքային են դառնում: Ու թեև մի կողմից վարչակազմի համար Ամերիկայի, ամերիկացիների և ամերիկյան ամեն ինչի շահերն առավել քան երբևէ բարձր են գնահատվում և կարևորվում ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլև աշխարհում, մյուս կողմից` այդ նոր գծի ռիսկերը մեծանում են` հաշվի առնելով այն իրողությունները, որոնք առկա են այսօր աշխարհում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի հետ Թրամփի վարչակազմը խոսելու է նոր լեզվով: Հայկական կողմի քաղաքական բլեֆներն այլևս չեն հանդուրժվելու:
Կլինեն բացահայտ քայլեր դեպի Ամերիկա` կլինի լավ մոտեցում: Չեն լինի` կլինի հստակ, չոր արձագանք և մոտեցում:
Ամեն բան գործարքային է: Ինչպես որ ենթադրվում էր որ կլինի գործարքների տիրակալի` Թրամփի նոր աշխարհում: