ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վերջինս մեկնաբանել է ապրիլի 28-ին Վրաստանում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո մեկնարկած զորավարժությունները, որոնց որպես գործընկեր երկրներ մասնակցում են նաևՀայաստանն ու Ադրբեջանը:
Զախարովան նաև նշել է, որ փոխգործակցության նման ձևաչափերի միջոցով ՆԱՏՕ-ն պարտադրում է իր չափանիշներն ու գաղափարախոսությունը, նպաստում է պաշտպանական ոլորտի կառուցվածքի փոփոխությանը և ձգտում է վերահսկողություն հաստատել այդ պետությունների զինված ուժերի զարգացման վրա:
«Որևէ մեկի մոտ պատրանքներ չպետք է լինեն. դաշինքի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում ուղղված է ոչ թե անվտանգության ամրապնդմանը, այլ անկայունության և ռազմաքաղաքական լարվածության գոտու ստեղծմանը»,- ասել է նա:
Զախարովան հավելել է, որ դաշինքի հիմնական նպատակը տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործումն է հավաքական Արևմուտքի շահերի համար, և առաջնահերթ՝ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում: