Փաստաբան Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ուշ երեկոյան տեսակցեցի այսօր արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող, 71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին։
Նարեկը հյուծված է, զգալիորեն նիհարած, հանդիպման ընթացքում պարբերաբար ինքնազգացողությունը վատանում էր։ ԲԿ տեղափոխությունն ու հետ վերադարձը բացասական ազդեցություն էր ունեցել Նարեկի վիճակի վրա: ԲԿ-ից հետ վերադարձի ճանապարհին էլ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր մեքենայում:
Երեկ Նարեկին հրաժեշտ տվեցի վատ ինքնազգացողության պայմաններում։ Չգիտենք՝ ինչպես է անցկացրել գիշերը, չգիտենք՝ ինչ վիճակում կտեսնենք այսօր։
Նարեկ Սամսոնյանը շարունակում է պայքարը ծայրահեղ միջոցով՝ վերջին ուժերով՝ առողջական լուրջ խնդիրների առկայության պայմաններում։ Նրան բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, անհապաղ հոսպիտալացնելու ուղեգիր տվել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է՝ 6-րդ պատժախուց-մենախցում։
Նարեկի հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես ԲԺՇԿԻ ՑՈՒՑՄԱՄԲ ՆԱՐԵԿԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ վերականգնողական բուժում, հետազոտություններ անցնելու ու հրատապ վիրահատության ենթարկվելու համար։
Այժմ ուղևորվում եմ «Արմավիր» ՔԿՀ այս հարցերով զբաղվելու և Նարեկի վիճակի մասին իրազեկվելու համար։ Տեղեկությունների մասին կհայտնեմ լրացուցիչ»:




