Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, «Ազատության» հաղորդմամբ, հայտնել է, որ երեկ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։
Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ «Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել», — հայտնել է Նարեկ Սարգսյանը, հավելելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Նարեկ Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում կարճ մեկնաբանություն է տվել. «Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառություն, և 393-րդ և 396-րդ հոդվածի 1-ին մասերով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Կատարվում է նախաքննություն։