Մոտենում է ժողովրդի համբերության բաժակը դատարկվելու պահը․ Արմինե Օհանյան

«Հրակարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ժանրի կանոններով այսօր պետք է գրեի խորհրդարանում տեղի ունեցած ամոթալի տեսարանի մասին: Բոլոր չափերն անցած ՔՊ-ականները, որոնք անբարոյականության, անամոթության, ամենաթողության մարմնացումն են դարձել եւ կորցրել իրականության զգացումը ու դա անում են իրենց առաջնորդի կողմից ներշնչված` հանդգնությամբ ու ցինիզմով, արժանի են ամենախիստ խոսքերին, բայց գրելն անգամ նողկանքի այնպիսի զգացում է առաջացնում, որ որոշեցի անդրադառնալ իմ ուշադրությունը գրաված մեկ այլ խնդրի: Այս աղետաբերների իշխանությունը, որի գոյատեւումը մազից կախված երերում է, եւ նրանց հիստերիան էլ հենց դրանով է բացատրվում, որոշել են իրենց վարչական լծակներն ու հնարավորությունները մինչեւ վերջ օգտագործել եւ կադրային փոփոխություններ անել տարբեր օղակներում: Մի կողմից` չունեն գրագետ ու որակյալ կադրեր եւ յուրաքանչյուր կադրային փոփոխություն հերթական սկանդալին ու ձախողմանն է հանգեցնում, մյուս կողմից` չեն վախենում գլխատվող կոլեկտիվները փոթորկելու հեռանկարից եւ «դուխով» գնում են ռիսկային փոփոխությունների: Երեւի մի տեղ մարդ ունեն տեղավորելու, մյուս տեղում` գործող տնօրենն է անհնազանդություն դրսեւորել, երրորդում` ուզում են ավելի հավատարիմ մեկին դնել, որովհետեւ առջեւում ընտրություններ են: Ահա՝ Պուշկինի անվան դպրոցի տնօրենին բանավոր հարցազրույցից կտրել են եւ կոլեկտիվը փողոց է դուրս եկել: Օրեր առաջ էլ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պայմանագիրն են խզել: Դերասանները դուրս են եկել պայքարի` գործադուլ, ասուլիս, բողոքի ակցիա: Պարզ է, որ ամբիոնից «քֆուր» տվող իշխանության ներկայացուցիչները թքած ունեն շարքային քաղաքացիների ցանկությունների ու էմոցիաների վրա եւ իշխանություն տեսած գիշատիչների նման վայելում են իրենց «հզորության» այս դրսեւորումները: Քիչ են բզկտել երկիրը, հիմա արդեն հիմնարկ առ հիմնարկ, կոլեկտիվ առ կոլեկտիվ են որոշել բզկտել։ Մոտենում է ժողովրդի համբերության բաժակը դատարկվելու պահը․․․

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։