Պարո՛ն Ավինյան, ես ակնկալում էի, որ դուք պետք է սաստեիք Լևոնին Հովհաննիսյանին, ինձ հետ «ընկերով» խոսելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստում դիմելով Երևանի քաղաքապետին, ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մեսրոպ Մանուկյանը:
Ավագանու անդամը շարունակեց ելույթը՝ ասելով. «Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում, որ «ընկերով» եք խոսում, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել իմ հետ համեմատած։ Չփորձեք մյուս անգամ «պարոն Մանուկյանից» բացի ուրիշ ձև խոսել, չեք կարող:
Եթե դուք նեղվում եք, որ ձեր անունը տալիս եմ, իմ տիկտոկի հերոս Սուրեն Գրիգորյանը կամ ինձ պետք է սպաներ, կամ պետք է կախվեր, որ ես պարբերաբար իրեն քննադատում եմ»:
Նա ասաց, թե երբ գովաբանում է քաղաքապետարանին՝ Լևոն Հովհաննիսյանը ժպտում է, բայց երբ քննադատում է՝ ծանր է տանում. «Չտեսա մի օր, որ Արմեն Փամբուխչյանին քննադատեի, էդ մարդը նեղվեր»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա ասաց, թե ցանկանում է Երևանի պատվավոր քաղաքացիների հետ հանդիպում կազմակերպել, որպեսզի նրանք իրենց ձայնը բարձրացնեն մայրաքաղաքի խնդիրների վերաբերյալ, օրինակ՝ ուղեվարձի թանկացման։
Մեսրոպ Մանուկյանը դիմեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ որպես պատվավոր քաղաքացի իր կարծիքն հայտնելու։
«Մեսրոպ ջան, ես պատվավոր չեմ ես հավերժական քաղաքացի եմ, ես պատվավորի կոչում չունեմ, ախպոր տղա»,-արձագանքեց Արեյանը։
Արձագանքեցին նաև ավագանու ՔՊ խմբակցության անդամները։
«Ես խնդրում եմ միս ու եղունգի արանք չմտնեք, ես ու պարոն Արեյանն իրար լավ ենք հասկանում»,-արձագանքեց Մեսրոպ Մանուկյանը։