«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ախր ոչ մի գաղտնիք չկա էն փաստի մեջ, որ, կորցնելով հարավային Կովկասը, Մոսկվան կկորցնի Հյուսիսային Կովկասը, հետո` Վոլգայի երկայնքը, հետո` Սիբիրը: Վստահ կարելի է ասել, որ Մոսկվայում դա գիտեն: Ընդ որում, գիտեն վաղուց: Այնպես, ինչպես նրանք շատ լավ գիտեին, որ, Բեռլինից դուրս գալով, ողջ Արևելյան Եվրոպան հանձնում են: Մոսկվայում դա շատ լավ գիտեին ու գիտեն մինչ օրս, ուղղակի իրենց գիտենալը իրադրությունը չէր փոխում:
Սովետը կոլապսի մեջ էր: Երկար բարակ կարելի է քննարկել կոլապսի պատճառները, բայց փաստը նրանում է, որ կոլապսը կար: Հետևաբար Մոսկվան չէր կարող դուրս չգալ Բեռլինից: Հեշտ ա իհարկե մեղքը բարդել «դավաճան» Գորբաչովի վրա, կամ հայերին մեղադրել, որ «չեն կռվել» Ադրբեջանի դեմ, բայց սթափ մտածող մարդիկ հո գիտեն, որ իրականությունը լրիվ այլ էր: 1971 թվին, Չինաստանը ԽՍՀՄ օրբիտայից հանելով և մի շարք այլ տնտեսական ու մերձտնտեսական բնույթի գործողություններ իրականացնելով, արևմուտքը հասավ նրան, որ Սովետը փլուզվեց: Ու այդ փլուզումը շարունակվում է մինչ օրս: Այս ամենը այնքան տրիվիալ է, որ սրա մասին գրելն անգամ անիմաստ է:
Միայն այն փաստը, որ ռուս-ադրբեջանական վերջին սրացումները սկսվեցին այն բանից հետո, երբ Ալթայում բնակիչներն ինչ-որ անհասկանալի պայմաններում հավաքվեցին, սկսեցին նահանգապետ Տուրչակի (ով Պուտինի մտերիմն է) հրաժարականը պահանջել, իսկ ռուս իրավապահները սկսեցին մաքրել ադրբեջանի ուրալյան դիասպորաները, ևս մեկ անգամ ապացուցում է, որ բոլորն ամեն ինչ գիտեն: Մոսկվան գիտի` ովքեր են Ադրբեջանի սփյուռք կոչեցյալները և ինչ առաքելություն ունեն: Գիտեր ու բան չէր անում, հիմա էլ մեծ առումով շատ մեղմ է վարվում հետները: Պատճառն այն է, որ այլ բան չեն կարող իրենց թույլ տալ, մի քիչ ատամ ցույց կտան, մինչև Ալիևն էլ ավելի շատ ամբարտավան գործողության կդիմի: Հետո էլ ավելի, հետո էլ ավելի… Հետո Դերբենտում են պրոբլեմները սկսվելու, հետո ողջ Դաղստանում… և այդպես շարունակ:
Գլոբալ պատճառն այն է, որ, թե Հայաստանում և, թե Ռուսաստանում շատերը հրաժարվում են հաշվի նստել իրականության հետ: Հոգու խորքում նրանցից շատերն էլ վստահ են, որ այս ամենը մարտավարական նահանջ է, ու որ նրանք դեռ կվերադառնան: Տարբերությունը Բրիտանիայի հետ նրանում է, որ Լոնդոնում Հնդկաստանը հետ գրավելու պլաններ երբեք չեն կազմել, նրանք տրանսֆորմացվել են, փոխել են աշխատանքի պարադիգմը, նախընտրել են կառավարելի նահանջը անխոսափելի կոլապսից:
Վերջիվերջո վերադառնալուց թող Բեռլին վերադառնան, կամ ասենք` Փարիզ… խի՞ պիտի ՌԴ-ն հենց Արցախ վերադառնա: Պարզ ա չէ՞, որ Ալեքսանդրի ժամանակից ահագին ջուր է հոսել ու նորից Փարիզ մտնելը ձև չի, զուտ տնտեսապես ձև չի: Հիմա եթե դա հասկանում ենք, ինչո՞ւ ենք ինքներս մեզ խաբում` մեր տարածաշրջան Մոսկվայի վերադարձի մասին առասպելներով:
Իրավիճակը փոխվել է: Թե՛ Հայաստանը և թե՛ Ռուսաստանը պետք է գոյության պարադիգմը վերանայեն, այլապես «մարտավարական նահանջ» կոչեցյալը ստիպված կլինեն վերանվանել «մարտավարական կապիտուլյացիայի» ու դա նույնպես կլինի ինքնախաբեություն»։