ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Աղվան Վարդանյանը հունվարի 24-ին այցելել են «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։
Գառնիկ Դանիելյանը մասնավորապես գրել է. «Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության համար։
Մեզ հայտնեց, որ ինքն էլ իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով։
Սրբազան հայրը վերհիշելով տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ֊ի դեմ ուղղված հարվածները՝ վերահաստատեց, որ մեր եկեղեցին մշտապես հաղթահարել է բոլոր մարտահրավերները՝ էլ ավելի զորեղանալով։
Միքայել Սրբազանը պատմեց մի պատմություն նախորդ դարի կեսերին Ալբանիայում Էնվեր Խոջայի ղեկավարության օրոք ունեցող իրադարձություններից, երբ հալածվում էր եկեղեցին և հոգևորականությունը։
Հերթական անգամ, երբ հոգևորականներին տանում են գնդակահարության, նրանք խնդրում են խցում գտնվող մի միաբանի, որ չգա իրենց հետ, քանի որ իրեն չեն փնտրում։ Միաբանն ականատես է լինում, թե ինչպես է ժողովուրդը թքում և հայհոյում գնդակահարության տարվող իր եղբայրներին և մտածում, թե որքան սրիկաներ կան իր հայրենիքում»։
Միքայել Սրբազանը հավատում է, որ հայ ժողովուրդը կանգնելու է իր եկեղեցու և հոգևորականության կողքին։
Նարեկ Սամսոնյանը, բարեբախտաբար, բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը, այժմ վերականգնողական փուլի մեջ է, ինչին կհաջորդի վիրահատությունը։ Տեղեկացա նաև, որ բողոքարկվել է նրա կալանքը երեք ամսով երկարաձգելու որոշումը։
Առողջություն ենք մաղթում Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։




