Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը հիշեցրեց՝ նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ, մասնավորապես՝ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված:
«Առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ՝ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ՝ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները»,- նշեց նա:
Սահմանվել է նաև, որ հայտարարգրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող, նվազեցվող եկամուտները: Ընտանիքի անդամներ են համարվում ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները, զավակները, քույրերը, եղբայրները, պապերը, տատերը: Կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ և շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է: Ներկայացված նախագծով՝ առաջարկվում է սահմանել հայտարարգրման ոչ ենթակա, նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր:





